ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

200 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է տարածքային գանձապետական բաժինները լուծարելու գործընթացը: Ինչի արդյունքում գանձապետական համակարգի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարդիկ այսօր կանգնել են աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Առաջիկայում ՀՀ մարզերի շուրջ 200 մասնագետ գործազուրկ կդառնա:

ՏԳԲ-ները (տարածքային գանձապետական բաժինները) ստեղծվել են նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ֆինանսական բաժինների հենքի վրա: Սկզբում Հայաստանում կար 46 ՏԳԲ: Հետո ավելացան եւս 3-ը՝ Բաղրամյանում, Ծաղկահովտում, Մարալիկում: ՏԳԲ-ների հիմնական գործառույթը բյուջեների կատարումը հաշվառելու եւ բյուջետային ծախսերի նկատմամբ նախնական հսկողության կազմակերպումն է:
Վերջերս ՀՀ կառավարության նիստում հաստատվեց 10 գանձապետական բաժինների լուծարման մասին որոշումը: Դրանք են՝ Ապարան, Արարատ, Արտաշատ, Եղեգնաձոր, Եղվարդ, Թալին, Հրազդան, Մասիս, Չարենցավան եւ Ջերմուկ քաղաքների գանձապետական բաժինները: Իսկ ՏԳԲ-ների աշխատանքի ամբողջական ավտոմատացման շնորհիվ դրանց լուծարման՝ գանձապետական համակարգի օպտիմալացման գործընթացը նախատեսվում է ավարտել արդեն 2014թ.-ին:
Սակայն գանձապետական բաժինների լուծարման արդյունքում համայնքների զգալի մասն արդեն լուրջ խնդիրներ ունի: ՏԳԲ-ների փակվելուց հետո նման խնդիրներ ծագել են ինչպես Կոտայքի, Արմավիրի մարզերում` Աբովյանում եւ Էջմիածնում, այնպես էլ Արագածոտնի մարզում: Բանն այն է, որ գանձապետական գործառույթներն իրականացնելու համար շատ համայնքներ չունեն համապատասխան մասնագետներ եւ աշխատանքները կատարելու համար ստիպված են լրացուցիչ գումարներ ծախսել:
«Ժողովուրդ»-ին ահազանգած տեղական գանձապետական բաժինների մի խումբ աշխատակիցներին ավելի շատ զայրացրել էր այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում դիմել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին՝ հարցնելով` «բոլորը փակվելո՞ւ են»՝ առանց մտահոգվելու այդ բաժինների հետագա ճակատագրով: Իսկ նախարարն էլ իր հերթին վարչապետին պատասխանել էր, թե պետք է անձնակազմին վերապատրաստել, տեխնիկական առումով փոխանցումների հետ կապված խնդիր կա, որից հետո՝ մոտ 1-2 ամսում, կավարտվի լուծարման գործընթացը: Ի դեպ, այս որոշումից հետո կմնա եւս 26 ՏԳԲ, իսկ 27-ն արդեն փակվել է: Այդ 26-ն էլ 1-2 ամսվա ընթացքում կլուծարվի:
«Օրենքները խախտելով՝ գանձապետարանները լուծարում են: Մի ամբողջ համակարգ. 18 տարի մարդկանց օգտագործեցին, հիմա էլ փողո՞ց են նետում: Բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն, որակյալ մասնագետներ են, այլ աշխատատեղ չկա, այս պատճառով էլ ստեղծվել է խառը ու բարդ իրավիճակ: Մարդկանց փողոց են գցում ու հետո էլ հայտարարում, թե աշխատատեղեր են ստեղծում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովվեցին ՏԳԲ աշխատակիցները: Նրանք հրաժարվեցին իրենց անունները հայտնել՝ պատճառաբանելով, թե դեռ երկու ամիս պետք է աշխատեն: Սակայն այս պահի դրությամբ ՏԳԲ մարզային աշխատակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ համայնքներում էլ ոչ մի աշխատատեղ չկա:
«200 մարդու ազատում են աշխատանքից ու գործազուրկ սարքում: Մի քանի ամիս առաջ մարդկանց կրճատեցին, հիմա էլ բոլորին են ազատում: Նույնիսկ չեն էլ բարեհաճում մեզ նախօրոք զգուշացնել: Վերջին պահին ասում են՝ գնացե՛ք տներով: Հետո էլ հանգստացնում են, թե լավ մասնագետներ եք, մի բան կգտնեք, մի բանով կզբաղվեք կամ էլ խորհուրդ են տալիս ՍՊԸ բացել ու այս գործերն անել: Աբսուրդ պատասխաններ ենք ստանում: Պատերազմի ժամանակ աշխատել ենք, հիմնարկ ենք ստեղծել, իսկ հիմա նման վերաբերմունքի ենք արժանանում»,-զայրացած նշեցին ՏԳԲ երկարամյա աշխատակիցները՝ ընդգծելով, որ այս բաժինների լուծարմամբ խախտվել են բազմաթիվ օրենքներ, այդ թվում եւ՝ բյուջեի, պետական գնումների մասին:
Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ հանրապետությունում վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո գանձապետարանների մարզային բաժինները ֆունկցիոնալ առումով արդեն ավելորդ են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ

2016թ. Լոռու մարզում նախատեսվում է ստեղծել կենտրոնացված աղբավայր` որակյալ ծառայություններով եւ բարձր վարձավճարներով:
Օրեր առաջ Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության թեման աղբահանության հարցն էր: Այս անգամ քննարկման առանցքում հատկապես Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքների աղբավայրերի կառուցման ծրագիրն Էր: Շուրջ երկու տարի է, ինչ գերմանական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող «կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարում» ծրագրի շրջանակներում, տարածքային կառավարման նախարարության, Լոռու մարզպետարանի եւ ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ քննարկվում է մարզում նոր աղբավայր կառուցելու գաղափարը:
Ըստ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ խնդիրը հրատապ է եւ շուտափույթ լուծում է պահանջում: Մարզում ներկայումս գործում է ընդամենը մեկ լիցենզավորված աղբավայր՝ Ալավերդունը, որը ծառայում է քաղաքին եւ շրջակա մի քանի գյուղերին: Մարզպետի խոսքով` Արջուտի աղբավայրն այլեւս անկարող է ծառայել մարզկենտրոնի բնակչությանը, Սպիտակինը նույնպես շահագործվում է սանիտարական նորմերին անհամապատասխան: Նոր կառուցվող աղբավայրի քննարկվող տարբերակներից առանձնացվեցին երկուսը` կենտրոնացված կամ ապակենտրոնացված աղբահանության համակարգերի ստեղծումը: Կենտրոնացվածն իր հերթին ունենալու է 3 ենթատարբերակներ: Դրանցից մեկը Քարաձորի հեռանկարային ծրագրի հետ է կապված: «Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, ունի բնապահպանական բազմաթիվ խնդիրներ` կապված մթնոլորտային եւ մետաղական արտանետումների հետ, բայց բավական լուրջ ու կարեւոր հարց է նաեւ աղբավայրերի կառուցման խնդիրը»,-ընդգծեց Ա. Նալբանդյանը: Նա հակված է կենտրոնացված աղբավայր ստեղծելուն. «Ես մտածում եմ, որ մենք ի վիճակի չենք եւ չունենք այդքան հողային ռեսուրսներ, որպեսզի մեզ թույլ տանք յուրաքանչյուր համայնքի համար ունենալ աղբավայր: Դրա համար պետք է ունենանք կենտրոնացված աղբավայր` բոլոր հնարավորություններով: Չի լինի, որ մարզի 113 համայնքներն ունենան առանձին աղբավայրեր, էդպես ամբողջ մարզը կդարձնենք աղբավայր»:
Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է աղբաթափման վայրերի կառուցում, որը կարժենա 13,1 մլն եվրո: Համաձայնության գալու դեպքում ծրագիրը կիրագործվի 2016 թվականից: Մարզպետի համոզմամբ՝ աստիճանաբար պետք է գնալ նրան, որ գյուղական համայնքներում եւս բարձր մակարդակով իրականացվի աղբահանությունը: Վարձավճարների որոշակի թանկացում կլինի, բայց դա կփոխհատուցվի որակյալ ծառայությունների մատուցմամբ: Մարզպետը նշեց նաեւ, որ յուրաքանչյուր համայնք ինքն է որոշելու, թե ինչ չափով կարող է մասնակցել վարկային գործընթացին եւ ըստ այդմ էլ կօգտվի կենտրոնացված աղբավայրից. «Այստեղ շատ կարեւոր է, որ համայնքները մի քանի անգամ քննարկումներ կազմակերպեն, որովհետեւ եթե ուզում են նորմալ աղբահանության ծառայություններ, ապա պետք է վարձավճարները մի փոքր թանկանան»:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ջիբրալթարում անցկացվող ավանդական խոշոր շախմատային «օփենում» Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը` Սերգեյ Մովսեսյանը, 41-րդ քայլին սպիտակներով կարողացել է առավելության հասնել վրացուհի Լեյլա Ջավախիշվիլու նկատմամբ` այս մրցաշարում տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը: Հիշեցնենք, որ, Մովսեսյանից բացի, այս օփենում ելույթ են ունենում նաեւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Արմեն Բրուտյանն ու Երազիկ Խաչատրյանը, ովքեր, սակայն, ներկայացնում են այլ երկրներ:

 

ՎԵՐԱԴԱՐՁ «ՎՈԼԳԱ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը կվերադառնա Նիժնի Նովգորոդի «Վոլգա», որի կազմում հանդես է եկել 2012-2013թթ. մրցաշրջանում: Կողմերը գրեթե համաձայնության են եկել պայմանագրի հարցում, եւ առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի 27-ամյա հարձակվողի տեղափոխության մասին։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ուրալ»-ի կազմում Սարկիսովը մասնակցել է Պրեմիեր լիգայի 13 հանդիպման` դառնալով միայն 1 գոլի հեղինակ:

 

ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ 

«Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ իրենց սիրելի մարզիկի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Դժբախտ պատահարի հետեւանքով մեկ ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող Շումախերի առողջական վիճակին շարունակում են հետեւել Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները: Հիմա կարեւոր խնդիրներից մեկն այն է, թե ինչպիսի վիճակում կարթնանա մարզիկը: Բժիշկները չեն բացառում, որ կարող են լինել խոսելու հետ կապված խնդիրներ: «La Stampa»-ն հավաստիացնում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Շումախերին կփորձեն դուրս բերել արհեստական կոմայից:

 

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՕԳՈՒՏԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն ամենաթանկն են օլիմպիադաների պատմության մեջ։ Նախօրեին ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ներկայացրել է տվյալներ, որոնք խոսում են դեռեւս չկայացած օլիմպիադայի ձեռքբերումների մասին: Նախարարը մասնավորապես նշել է. «2007 թվականից, երբ Սոչին դարձավ 2014 թվականի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաք, մեկուկես անգամ ավելացավ ձմեռային մարզաձեւերով զբաղվող մարդկանց թիվը։ Օրինակ՝ դահուկային ձեւերով զբաղվողների թիվն ավելացել է մոտավորապես 200 հազարով։ Կարծում եմ, որ Սոչիի օլիմպիադան լուրջ խթան կհանդիսանա Ռուսաստանում ձմեռային մարզաձեւերի մասսայականացման համար։ Այնպես որ, մեր մարզադպրոցները պետք է պատրաստ լինեն երեխաների մեծ հոսքին»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս