ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը` ԱԺ-ի պաշտոնական կայքից

Նախօրեին պաշտոնական այցով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա Շարժայի կառավարիչ դոկտոր շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով այցելել է ԱՄԷ-ում գտնվող Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ նրան փոխանցել է Սերժ Սարգսյանի պարգեւը: Նշենք, որ այս շեյխի ֆինանսավորմամբ է վերանորոգվել Հաղարծնի վանքը: Բայց, ինչպես երեւում է, ԱՄԷ-ն շատ է դուր եկել ԱԺ նախագահին: Դրա մասին է փաստում նրա ուրախ եւ ժպտերես նկարը արաբ շեյխի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ բնակելի տարածության օգտագործման իրավունք: Կարո՞ղ եմ այնտեղ բնակեցնել իմ ընտանիքի անդամներին: Լսել եմ, որ դրա համար հատուկ թույլտվություն է հարկավոր:

Տիգրան Հարությունյան (53 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, 04.10.2005 թվականի ՀՕ-188-Ն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի հիման վրա բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռք բերած անձանց հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ նրանց ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները): (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե մեզ դիմած քաղաքացուն ինչ-որ մարմիններ կամ անհատներ տեղեկացրել են, որ ընտանիքի անդամների բնակության համար հատուկ փաստաթուղթ է հարկավոր, ապա կարող ենք վստահ ասել, որ նրան խաբել են: Տ. Հարությունյանը կարող է առանց որեւէ խնդրի իրեն պատկանող բնակելի տարածքում ընտանիքի անդամների հետ հանգիստ բնակվել:

 
ՀԱՐՑ. Ես ունեմ ԱՁ, որը գրանցված է հենց իմ անունով: Նշեմ, որ առաջին կարգի հաշմանդամ եմ: Կխնդրեի մանրամասնել՝ արդյոք որպես հաշմանդամ՝ կարող եմ օգտվել պետությունից հասանելիք արտոնություններից:

Վահրամ Գաբրիելյան (52 տարեկան, 1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Գաբրիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված՝ «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով,
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով,
գ) կնիք ձեռք բերելու համար՝ կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, օրենքով սահմանված են որոշակի արտոնություններ, որոնք, սակայն, առավել հաճախ մնում են միայն թղթի վրա: Դրան նպաստում է ոչ միայն համապատասխան պաշտոնյաների անբարեխիղճ գործելակերպը, այլեւ հաշմանդամների՝ սեփական իրավունքների մասին ոչ բավարար տեղեկացվածությունը:

 

 

ՀԱՐՑ. Բենզինի իրացման դեպքում հարկային հաշիվ դուրս գրվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա երբվանի՞ց է ուժի մեջ մտել դա:

Ալբերտ Մանուկյան (38 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ այս դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ 22.12.2010թ. N 31 պաշտոնական պարզաբանման 6-րդ կետի դրույթներով, համաձայն որոնց՝ 2011թ. հունվարի 1-ից հետո բենզինի իրացումների դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներ դուրս են գրվում.
1) բենզին ներմուծողների կողմից՝ 2011թ. հունվարի 1-ից հետո ներմուծված բենզինի օտարման՝ օրենքով ԱԱՀ-ի 20 (հաշվարկային՝ 16.67%) դրույքաչափով հարկվող գործարքների մասով, բացառությամբ՝ բենզինի եւ (կամ) դիզելային վառելիք մանրածախ առեւտրի կետերի միջոցով (հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով) իրացման գործարքների,
2) բենզինի ներմուծող չհանդիսացող անձանց կողմից՝ հարկային հաշիվներով ձեռք բերված բենզինի օտարման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 20 տոկոս (կամ հաշվարկային` 16.67%) դրույքաչափով հարկման:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից համոզվեցինք, որ բենզինի իրացման դեպքում իսկապես հարկային հաշիվ գրվում է, եւ օրենքը գործում է 2011թ.-ից: Բայց, ցավոք, ոչ բոլորն են տեղյակ իրենց պարտավորություններից: Համենայնդեպս, մեզ դիմած քաղաքացին այդ թվում է: Եվ եթե նա մինչ այդ զբաղվել է բենզինի իրացմամբ, կարելի է միայն ենթադրել, թե հիմա նրան ինչպիսի տուգանքներ են սպասվում:




Լրահոս