«Ֆեյսբուք»-ը վաղուց արդեն դադարել է լինել զուտ անձնական շփումների համար նախատեսված հարթակ եւ, կարելի է ասել, վերածվել է քաղաքական կատեգորիայի: Այստեղ կարելի է գտնել շատ կուսակցությունների, քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների ինչպես անձնական, այնպես էլ պաշտոնական էջեր, որտեղ ակտիվ քննարկումներ են ծավալվում: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
ՕԵԿ. Որքան էլ Հեղինե Բիշարյանը պնդի, որ ՕԵԿ-ն ուշադրություն չի դարձնում սոցիալական ցանցերին, այնուամենայնիվ, ՕԵԿ-ն ունի պաշտոնական էջ «Ֆեյսբուք»-ում, որը հավանել է (like) 1903 օգտատեր, այդ թվում` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: ՕԵԿ-ի ֆեյսբուքյան պատին, բնականաբար, տեղադրված եմ միայն կուսակցության պաշտոնական հայտարարությունները, Արթուր Բաղդասարյանի եւ Հ. Բիշարյանի հարցազրույցներն ու ելույթները: Էջում բավական քիչ է նյութերը հավանողների, ենթադրաբար նաեւ ընթերցողների թիվը:
«Ժառանգություն» կուսակցությունը «Ֆեյսբուք»-ում ներկայացված է 930 անդամներ ունեցող խմբով, 107 հավանողներ ունեցող 1 էջով եւ ակտիվ օգտատեր Ս. Սաֆարյանով` չնայած, որ խմբակցության բոլոր պատգամավորներն էլ, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, ունեն իրենց անհատական էջերը:
ՀՅԴ. Այս կուսակցությունը երեւի թե ամենաշատ սեփական զինանշանով նկարներ ունեցողն է «Ֆեյսբուք»-ում: ՀՅԴ-ին այստեղ ուժեղացնում են նաեւ սփյուռքի օգտատերերը: ՀՅԴ պատգամավորներից իրենց անձնական էջերն ունեն Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը:
ԲՀԿ. Ինչ-որ առումով ԲՀԿ-ն կարելի է անվանել «Ֆեյսբուք»-ի ամենաուժեղ կուսակցությունը: Իրենց էջերն ունեն ոչ միայն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այլեւ երիտասարդ ԲՀԿ-ականներ, կուսակցության տարբեր կառույցներ: Նաեւ տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ն ունի ֆեյսբուքյան կեղծ էջեր, որոնցով եւ կարողանում է լավ «ռասկրուտկա» ապահովել իր կուսակցության համար: Այդ կեղծ պրոֆիլներին նույնիսկ անուն տրվեց` ԲՀԿ ծտեր (քանզի դրանք ներկայանում են հիմնականում այստեղից-այնտեղից վերցված գեղեցկուհիների նկարներով): ԲՀԿ-ից «Ֆեյսբուք»-ում իրենց էջերն ունեն Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Սամվել Բալասանյանի օգնական Զոհրապ Եգանյանը եւ այլն:
ՀՀԿ-ն, հատկապես վերջերս, բավականին ակտիվացել է «Ֆեյսբուք»-ում: Այդ գործընթացը, կարելի է ասել, ուղղորդում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ թերեւս ամենաակտիվ օգտատերն է: ՀՀԿ-ն ունի պաշտոնական էջ, որը հավանել են 1879 օգտատերեր, բավական մեծ է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընթերցողների թիվը: Անձնական էջեր ունեն նաեւ ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանը, Արտակ Զաքարյանը եւ այլն, Ինչպես ԲՀԿ-ի պարագայում, ՀՀԿ-ն եւս «Ֆեյսբուք»-ում ներկայացված է տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներով:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ