«ՋՈՒՆԳԼԻ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Երեւանյան 127 եւ 129 շենքերի մոտ առկա տեսարանը 90-ականների հետ ոչ մի կապ չունի: 2012 թվականի գարնանային օրերից մեկն է, սակայն բնակիչները դույլերով ու ջուր կրելու համար հարմար բոլոր տարաներով ուղեւորվում են մոտակա շենքերը` ջուր խնդրելու: Այս դեպքում շնորհակալ են գոնե նրա համար, որ թեեւ մարդկանց բնակարաններում ջրաչափեր են տեղադրված, բայց իրենց խնդրանքը չեն մերժում: Երկու ամիս է, ինչ նշված շենքերում մի կաթիլ ջուր չկա: Նույն վիճակում է նաեւ հանրակացարանը: Բնակիչները ենթադրում են, որ ջրագիծը խցանվել է ջրի սառչելու հետեւանքով: Ասում են`  բոլոր իրավասու մարմիններին դիմել են:
«Լոռի ջրմուղկոյուղի»-ն խնդրին տեղյակ է, մեքենայով էլ օրումեջ ջուր է բերում: Հատկապես այդ օրերին մեկ բաժակ ջրի համար էլ հարեւաններն իրար թշնամի են դառնում, ինչից հետո ամաչում են: «60 տարեկան մարդ եմ, բնակվում եմ հինգերորդ հարկում: Ամեն անգամ ստիպված ջուրը բարձրացնում եմ: Նորից պրիստուպ տվեց, նորից պառկեցի: Ջրմուղին դիմում ենք, ասում ա` դա իմ խնդիրը չի, համատիրությունն ասում ա` իմը չի»,-բողոքում էր բնակիչներից մեկը, մյուսներն էլ վրդովված շարունակում էին. «Ոչ մի անգամ չեն հետաքրքրվել, դե հմի կգան ընտրությունների, ոչ մեկին չենք ընտրելու: Ով էլ գա, դուռը երեսով եմ տալու», «Էս 2 շենքի ժողովուրդը ոչ մեկին պետք չի: Կուսակցական տոմսեր բաժանելով` վիճակը չի բարելավվի», «Ինչքա՞ն կարանք ուրիշի տանը լողանանք, երեխայի տեր ենք: 2 ամիս ա` էրեխեն չի լողացել»: Բնակիչները վստահեցնում են, որ այս տարածքում խնդիրներ պարբերաբար առաջանում են: 3 տարի առաջ էլ նույն վիճակն էր: Համատիրությունն ասել է, որ իր լուծելու խնդիրը չէ:
«Լոռի ջրմուղկոյուղում» խնդրին ծանոթ են: Ջրամատակարարման վարչության պետ Վաղարշակ Աղոյանն ասում է` մուտքագծերը սառած են: Պատճառները հստակ չգիտեն, սակայն ենթադրում են, որ մուտքագծերի` հողի մակերեւութային շերտում գտնվելու հետեւանքով է: Իրենց խնդիրը չէ, սակայն օգնում են: «Այդ հատվածը գտնվում է համատիրության տարածքում, համատիրության նախագահի հետ բազմիցս աշխատանքներ ենք ձեռնարկել: Խնդիրը լուծում կստանա այն ժամանակ, երբ որ համատիրությունն այդ ջրագծերի կառուցվածքը փոխի»,-վստահեցնում է «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ ջրամատակարարման վարչության պետ Վաղարշակ Աղոյանը:
Համատիրության նախագահ Մարտուն Աղաբաբյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց. «Սա ջրմուղի խնդիրն է: Մեր սպասարկման տարածքը շենքի ներսն է»: Աղոյանը, ի պատասխան, համատիրության նախագահին խորհուրդ է տալիս ընթերցել կառավարության 138-Ն որոշումը` սպասարկման տարածքի մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար: Ի դեպ, մեր` թաղամասում լինելուց հետո շենքերի բնակիչներն անակնկալ հյուրեր ունեցան. ընդհանուր բակում տրակտոր հայտնվեց: Փորած փոսը մեր տեսախցիկը եւս ֆիքսել է: Աղոյանն ասում է, որ իրենց «բրիգադաներն» են եղել: Հողը փորելու աշխատանքներ են կատարել, որպեսզի համատիրությունը համապատասխան սարքավորումներով ջրագիծը տաքացնի: «Սակայն, ըստ ինֆորմացիայի, որը նոր ստացա, իրենց մոտ ոչինչ չի ստացվել: 4 տեղից քանդել, տաքացրել են, բայց սառած տեղը չեն գտել: Ըստ երեւույթին, պիտի սպասեն, մինչեւ օրերը տաքանան»,-եզրափակեց Աղոյանը:
Նույն կարծիքին է նաեւ համատիրության նախագահը: Ստացվում է, որ օգուտ չտվեցին, փոխարենը բնակիչներն ունեցան 4 մեծ փոս, որոնք էլ, հնարավոր է,  դառնան մարդկանց չլուծվող խնդիրներից հերթականը` մեծացնելով նաեւ ջուր կրելու ճանապարհին կոտրվածքներ ստանալու հավանականությունը: Բնակիչների համբերության բաժակը լցվել է: Վերջին հույսը հրապարակային բողոքն է: Սակայն համբերության վերջին կաթիլներով սպասում են  փոփոխության:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս