«ՃԱՆԱՉՈՒՄԸ ԽՈՐՏԱԿԵԼ Է ԻՄ ԿՅԱՆՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՆԱ ԱԿՈՊՈՎՆԱ` «Օրը ցերեկով» հաղորդման հաղորդավարուհի, «Մեր հիթեր» նախագծի պրոդյուսեր-տնօրեն, կաբարե «Շարլոթ» ակումբում շոու հանդիսավար: Հեռուստատեսությունում աշխատելուց ի վեր Դիանա Գրիգորյանը դարձավ Դինա Ակոպովնա, իր իսկ խոսքերով` անունն ընտրված էր եթերի համար, որ իրեն չշփոթեն մեկ այլ հաղորդավարուհու հետ, սական հիմա համարյա միշտ այդպես են դիմում:
-Կներկայացնե՞ք` ինչ մասնագիտություն ունեք:
-2000թ. զբաղվում եմ իմ սիրած մասնագիտությամբ` հաղորդավարությամբ, բայց մինչ այդ պարուհի եմ եղել ժամանակակից ոճում, պարել եմ «Արայի դանս» շոուում: Մինչ 18 տարեկան պարել եմ, ընդունվել եմ Ջազային քոլեջի պարային բաժինն ու այդ ընթացքում էլ ամուսնացել ու աղջիկ  ունեցել: Հետո էլ առողջական խնդիրներ ունեի ու չէի կարող պարել, հասկացա, որ պետք է խորանամ մեկ այլ` իմ սիրած մասնագիտության մեջ ու սկսեցի աշխատել ինձ վրա: Սկզբում միջոցառումներ էի վարում, այսպես կոչված` «շոու գըրլ», հետո նոր հաղորդավարուհի եմ դարձել: Վարում եմ նաեւ համերգային ծրագրեր, մեկ տարի է, ինչ աշխատում եմ ակումբում:
-Իսկ հարսանիքնե՞ր:
-Միայնակ չեմ վարում, կգնամ միայն դուետով, հիմնականում ինձ հետ եղել են Գեւորգ Եղիազարյանն ու Սամվել Գրիգորյանը: Ես թամադա լինել չեմ կարող ու չեմ էլ լինի: Չեմ սիրում, երբ կինը թամադա է: Դրսում ունեմ պրոդյուսեր` Մուրադ Մուրադյան, ով դրսի միջոցառումներն է կազմակերպում: Նախքան համաձայնելն էլ հետաքրքրվում եմ` ով է, ինչ է: Թող կոպիտ չհնչի, կարող են միլիոնով փող տալ, բայց տվյալ մարդու միջոցառումը ես չվարեմ: Կին լինելով` ես ինձ միշտ հեռու եմ պահում անձնավորված խնջույքներ վարելուց: Ընկերներիս համար էլ կարող եմ նաեւ անվճար վարել: Ես բեմի մարդ եմ, ինձ ձեռք է տալիս, որ ես վարեմ համերգային ծրագիր, շոու, բայց ոչ ծնունդ կամ կնունք: Չեմ կարող հիշել` վերջին ժամանակահատվածում երբ եմ վարել այդ տեսակ միջոցառում:
-Կաբարե «Շարլոթ»-ում շոու վարելիս չեք նեղվում, բայց կնունքի ու հարսանիքի մարդկանցից խուսափո՞ւմ եք:
-Դե այնտեղ բեմ կա, կա հանդիսատես, ծափահարություն, գնահատանք: Ես ներկայանում եմ բեմական հագուստով, կարծես մինի համերգ վարեմ ակումբում:
-Ասացիք, որ Ձեզ նաեւ հրավիրում են դրսում միջոցառումներ վարելու:
-Հիմնականում Մոսկվա եմ գնում, այնտեղ ակումբային կյանքը շատ եռուն է, հատկապես երբ հայ համայնքն է հավաքվում: Ապրիլի 5-ին էլ մեկնելու եմ Մոսկվա մի ակումբի բացման, կվարեմ շոուն, կնկարահանեմ եւ իմ «Օրը ցերեկով» հաղորդման շրջանակներում եթեր կտամ:
-Համեմատելով հայկական ու ռուսական շուկան` որտե՞ղ է վարձատրությունը բարձր: Ճի՞շտ է, որ հիմնական եկամուտը դրսից է:
-Ես դեմ եմ այդ կարծիքին: Գիտեմ անհատների, որ հենց էստեղ էլ լավ գումար են աշխատում: Դրսում մեծ գումարներ տվողները կտան Մաշա Մալինովսկայային, Սոբչակին, Թինա Կանդելակիին: Թամադաները, առավել եւս կայացած դեմքերը, չեն կարող բողոքել, որովհետեւ նրանք գնում են կա՛մ լավ գումարով, կա՛մ անվճար, միջինը չկա: Ես թամադա չեմ լինում, բայց կարող եմ թամադայի չափով գումար ուզել, որովհետեւ թամադայի կողքն եմ ու այդ պարագայում հանդիսավարուհի եմ:
-Նկատել եմ նաեւ, որ Ձեր տեսքին եք ուշադրություն դարձնում ու գայթակղիչ հագուստ եք կրում եթերում: Ճի՞շտ է եթերում ցանկալի տեսք ունենալը:
-Ինձ համար շատ դժվար է ամեն օր եթերում լինել: Եթե ինձ սիրում են որպես կին հաղորդավարուհի, պետք է չհոգնեն ինձանից: Երաժշտական ժամանցային ծրագիր եմ վարում, չի կարող լինել երկար յուբկա: Համենայնդեպս, ես վուլգար չեմ: Հագուստի մեջ ցենզուրան պահում եմ: Ինձ երբեւիցե չեք կարող տեսնել շատ բաց, վուլգար հագուստով, որովհետեւ ես դա չեմ սիրում: Գիտեք, որ ես էլ 35 տարեկան եմ ու չեմ ամաչում իմ տարիքից: 17 տարեկան աղջիկ ունեմ, ով հիմա սովորում է Թատերականի 0 կուրսում: Իմ հոգսերը քիչ չեն, ես օր ու գիշեր աշխատում եմ, որ կարողանամ աղջկաս երազանքներն իրականացնել: Մենք լավ ընկերուհիներ ենք, սկսել է խոսքիս հետեւել, արդեն ուղղումներ է անում: Մեծ քննադատ է հագուստիս մեջ, նաեւ արդեն խորհուրդ է տալիս, որ իմ կեսն ունենամ:
-Իսկ ինչո՞ւ Ձեր դստեր խորհրդին չեք հետեւում:
-Անձնականն ինձ համար մի տեսակ ստվերում է: Իմ ապագան, ներկան իմ աղջիկն է: Այնպես է ստացվել, որ ես իմ աղջկան իմ ծնողների հետ եմ մեծացրել ու իմ սիրած տղամարդուց շատ շուտ եմ բաժանվել, դրանից հետո երբեւիցե չեմ մտածել ունենալ կես: Նաեւ չեմ ուզում, որ խորթություն լինի, աղջիկս ուրիշ հայր ունենա, ուրիշ հորից` քույրիկ կամ եղբայր:
Երբ նա կունենա իր կեսը, ես էլ` տղամարդ, ում հետ կապրեմ: Ունեմ տարբեր տարիքի երկրպագուներ, ուղղակի իմ ճանաչումը խորտակել է իմ կյանքը: Արդեն չգիտեմ` նրանք սիրում են Դինային, թե Դինա Ակոպովնային:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս