Ռուսաստանի պատասխան՝ «պարենային» պատժամիջոցներն անհեթեթ են. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.«Ռուսաստանը և Արևմուտքը, չկարողանալով Ուկրաինայի հարցում համաձայնության գալ՝ նրանք սկսեցին իրար դեմ պատժամիջոցներ կիրառել: Առաջին քայլն արեց Արևմուտքը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դրա արդյունավետությունը շատ ցածր կլինի, եթե հեռահար նպատակը Պուտինի ռեժիմը տապալելն է կամ Ռուսաստանը քանդելը, ապա դա չի ստացվի: Այդ երկիրը ռեսուրսներ ունի՝ թեև վատ, աղքատ, աշխարհից կտրված, տեխնոլոգիական ոչ մի առաջընթաց չունենալով՝ գոյատևել է տասնամյակներ շարունակ օրինակ՝ 70 տարի՝ մշտապես կոնֆլիկտներ հրահրելով և սեփական քաղաքացիների ուղեղները լվանալով «միջազգային դավադրության» և «պաշարված ամրոցի» հոգեբանությամբ:

Բայց Ռուսաստանի պատասխան՝ «պարենային» պատժամիջոցներն ավելի անհեթեթ են: Նախ՝ մի բան է, երբ «պատժվում են» Կրեմլին մոտ կանգնած բիզնեսները և պաշտոնյաները, ինչպես որ դա անում է Արևմուտքը: Մեկ այլ բան, երբ դու արգելում ես սննդի մուտքը քո երկիր՝ այսպես թե այնպես զրկելով քո քաղաքացիներին ինչ-որ ապրանքներից:

Սակայն մի կողմ թողնենք բարոյական կողմը և հարցին նայենք զուտ պրագմատիկ տեսանկյունից: Արևմտյան սնունդը ռուսաստանյան մաքսակետերով չի՞ անցնում: Շատ լավ: Բայց Ղազախստանի և Բելառուսի մաքսակետերով անցնում է, չէ՞: Եվ այդ երկրները հայտարարել են, որ «պարենային պատժամիջոցներին» չեն միանում: Իսկ ղազախ-ռուսաստանյան կամ բելառուս-ռուսաստանյան սահմանին մաքսակետ, որքան հասկանում եմ, չկա: Ի՞նչը պիտի խանգարի նույն այդ ապրանքները ղազախական կամ բելառուսական փաթեթավորմամբ բերել և վաճառել Ռուսաստանում: Ստացվում է, որ այս դեպքում նույնպես պատժամիջոցներն անիմաստ են և ավելին՝ կարող են հարվածել հենց ռուսաստանյան տնտեսությանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս