ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է-3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել ՀՀ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Հենրիկ Մարտիրոսյանի` մեր թերթում հրապարակած հոդվածաշարին ի պատասխան ՔԾԽ ներկայացրած պարզաբանումները:
Չենք կարող չհամաձայնել Հ. Մարտիրոսյանի` հոդվածում արտահայտած այն համոզմունքի հետ, թե կարեւոր է պատասխանատվությունը կադրերի պարագայում, երբ նրանք պետությանը հասցնում են աղետալի չափերի վնասներ: Այս սկզբունքը հաշվի առնելով էլ` ՀՀ ՔԾԽ-ն 2007թ. ՀՀ ԲՆ կողմից ներկայացված փաստաթղթերում տեսել է Հ. Մարտիրոսյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու բավարար հիմքեր եւ կայացրել քննություն անցկացնելու որոշում: Քննության արդյունքում հայտնաբերված կարգապահական կոպիտ խախտումների ծավալն ու բնույթը, որոնց մասին, ի դեպ, Մարտիրոսյանը «համեստորեն» լռում է, առավել քան բավարար էին նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:
Մասնավորապես` պաշտոնավարման ընթացքում նա ստորագրել եւ դատարան է ներկայացրել վարչական տուգանքները հարկադիր գանձելու վերաբերյալ 11 հայցադիմում` չունենալով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի կողմից տրված լիազորագիր, ինչի պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը դրանք հետ է վերադարձրել: Արդյունքում` օրենքով սահմանված ժամկետներն անցնելու պատճառով հնարավոր չի եղել հօգուտ պետության բռնագանձել վարչական տուգանք: Նա չի կատարել իր անմիջական ղեկավարի` Գեղարքունիքի ՏԲ պետի գրավոր հանձնարարականները, այն է` չի վերադարձրել իր մոտ գտնվող բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների ընթացիկ գրանցամատյանը: Խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` Մարտիրոսյանը 35 տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից ընդունել է հաշվարկ-հաշվետվություններ, սակայն դրանք չի հանձնել ՏԲ ավագ պետական տեսուչներին` գրանցամատյանում գրանցելու համար եւ չի ներկայացրել ՏԲ պետի ստորագրմանը, այլ ինքն է ստորագրել դրանք, կնքել ՏԲ կնիքով եւ հանձնել տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներին` չունենալով նման լիազորություն: Տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած 2007թ. 2-րդ եռամսյակի հաշվարկ-հաշվետվությունների ընդունման եւ գրանցման աշխատանքներն իրականացնելիս Մարտիրոսյանը խախտել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչի հետեւանքով նվազել են պետական բյուջե մուտքագրված գումարները: Վերազանցելով ծառայողական լիազորությունները` 2007թ. 3-րդ եռամսյակի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելու համար «Մայորկա» ՍՊԸ-ին նախապես տրամադրել է ՏԲ կնիքով հաստատված եւ իր կողմից ստորագրված չլրացված ձեւաթղթեր:
Պարզ է, որ խորհրդին կոռուպցիայի եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրելով` Մարտիրոսյանն ակնհայտորեն փորձում է կոծկել անձամբ իր կողմից թույլ տրված չարաշահումները:
Ինչ վերաբերում է հոդվածում նշվող` պաշտոնում նշանակելու համար անձից 30 հազար ԱՄՆ դոլար կորզելու մասին փաստացի քրեական բնույթ ունեցող պնդմանը, Հ. Մարտիրոսյանին խորհուրդ ենք տալիս կոնկրետացնել` ում, ինչ հանգամանքներ նկատի ունի եւ ներկայացնել փաստեր: Հակառակ դեպքում թե՛ մեզ եւ թե՛ ընթերցողների համար պարզ կդառնա, որ գործ ունենք ոչ միայն շարքային շառլատանության եւ բանսարկության, այլեւ անհույս ստախոսության հետ:  

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի
 քարտուղար Գոռ Աբրահամյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականաբար, ՔԾԽ-ն պետք է ինքնապաշտպանական քայլեր անի, ուստի մենք ներկայացրինք  նաեւ նրանց պատասխանը: Բայց ամեն դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու է ՔԾԽ-ն արձանագրում, որ «Մարտիրոսյանն ակնհայտորեն փորձում է կոծկել անձամբ իր կողմից թույլ տրված բազմաթիվ չարաշահումները» եւ չի դիմում իրավապահ մարմիններին: Ի՞նչն է կաշկանդում նրանց: Ի վերջո, Մարտիրոսյանը մի ողջ հաստատության կոռուպցիայի մեջ է մեղադրում, փոխարենը նրանք ընդամենը պատասխան են տալիս, թե Մարտիրոսյանն էլ է հանցագործ: Համաձայնե՛ք, որ տարօրինակ իրավիճակ է:




Լրահոս