«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ Արշալույս Գևորգյանը երեկ հուզմունքից չէր կարողանում խոսել։ Նրան երեք սենյականոց բնակարան են հատկացրել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցների պատճառով երկու տուն հրդեհվել էր: «Արդեն տեղափոխվել ենք այնտեղ, հոսանքն ենք քաշել, հիմա էլ ջրի հարցն ենք լուծում: Վաղն էլ կգնանք գազի հարցը լուծելու»,-մեզ հետ զրույցում ասաց Արշալույս Գևորգյանը:
Նրա խոսքով. «Ապրելու համար բոլոր տարրական պայմանները կան, այս պահին ինձ դա չի անհանգստացնում, այլ անհանգստացնում է այն հանգամանքը, որ բնակարան հատկացրել են, բայց ոչ մի ձևի դակումենտացիա չեն տվել, հիմա ես անհանգիստ, փշերի վրա եմ: Մի փաստաթուղթ տային, որը կապացուցի, որ դա իմ բնակարանն է:Կարող ա ձմեռը հանեմ, հետո գան ասեն՝ սա իմ տունն ա, պետք ա ազատեք: Հիմա սրա մասին եմ մտածում, որ փաստաթուղթն էլ տան, որ տունն ինձ է պատկանում»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստան համահայկական հիմնադրամն է բնակարանները հատկացրել: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ փաստաթղթային գործընթացը շարունակվում է: «Պատկան մարմինների հետ մեր տնօրինությունը պայմանավորվել է, որ բնակարանների համար նախատեսված գումարն իրենք կվճարեն, իսկ այս պահին սեփականաշնորհման գործընթացն է ընթանում»,-ասաց աշխատակիցը: Վերջինս խորհուրդ տվեց գյուղացուն փոխանցել, որ ամեն ինչ կլինի, շուտով սեփականաշնորհման գրքույկը նրա ձեռքին կլինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։