«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հայրենի խորհրդարանի ներկայացուցիչները մեկնել էին Արցախ: Պարզվում է, սակայն, որ այդ այցն ավելի շատ ձեւական բնույթ ուներ, քանի որ շփման գծում շրջայց կատարելուց հետո` նրանք հարմարավետ ուղղաթիռով վերադարձել են Հայաստան, գոնե մեկ օր սահմանը պահող զինվորի կողքին չմնալով: Նշենք, որ դիրքերում գիշերելու էին մնացել միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Արցախ մեկնողների կազմում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Աժ պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորներին Արցախի օդանավակայանում դիմավորել էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հայաստանից մեկնած պատվիրակությունը հանդիպել էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո նրանք մեկնել էին մարտական դիրքեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գիշերն անցկացնել դիրքերում, սակայն «փափկասուն» պատգամավորները չեն ցանկացել գոնե մեկ գիշեր անցկացնել սահմանում եւ շտապել են վերադառնալ Հայաստան:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց նման բաների վրա չկենտրոնանալ. «Պատգամավորներով ի սկզբանե որոշել էինք, որ չենք մնալու, իսկ ո՞վ է ասել, որ պետք է մնայինք: Հովիկ Աբրահամյանն ու Հրանտ Բագրատյանը այլ ծրագրով էին գնացել: Որքանով տեղյակ եմ՝ պարոն Բագրատյանը, որպես նախկին վարչապետ էր գնացել, այսինքն՝ այլ ծրագրով են գնացել, իսկ ԱԺ պատգամավորներն էլ այլ ծրագրով են գնացել»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` կարեւորն այն է, որ բոլորը համախմբված մեկնեցին Արցախ. «Ես ծառայել եմ հայոց բանակում, դիրքերում էլ եմ մնացել, խրամատում էլ եմ քնել, այսօր չէ, որ պետք է գնամ, կոմուֆլյաժ հագնեմ, դիրքերում մնամ կամ չմնամ: Եկեք չհարամենք, հա, ինչ կա, ինչ տեղի է ունեցել»: