Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը` Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում օգոստոսի 4-ից 8-ը մասնակցել է Պետական դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված և դատական կրթության, կրթական նյութերի մշակման և հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություններին:

Հայկական պատվիրակության կողմից ծրագրին մասնակցել են Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը և Ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը: Բացի հայկական և ամերիկյան կողմերից` միջոցառումների համալրին մասնակցել են նաև Վրաստանի Արդարադատության բարձրագույն դպրոցի ներկայացուցիչները:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Դաշնային դատական կենտրոնի տնօրեն, դատավոր Ջերեմի Ֆոգելի, միջազգային կապերի տնօրեն Միրա Գյուր-Արիի, ուսուցման գծով գլխավոր մասնագետ Ջիմ Բուքյանանի, իրավական խմբագիր` Քրիս Մարգարյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական նյութերի զարգացման, հեռավար ուսուցման պլատֆորմի ստեղծման հետ կապված հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ուսումնական նյութերի համատեղ մշակման, հեռավար ուսուցման կազմակերպման արդիական տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի և դասախոսական կազմի վերապատրաստման վերաբերյալ:

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դատական ինստիտուտի, Նահանգային դատարանների ազգային կենտրոնի, Կոլումբիայի շրջանի Ոսուցման և վերապատրաստման կենտրոնի, Ամերիկյան իրավաբանական միության ղեկավար կազմի, ինչպես նաև դատական կրթության ոլորտի մի շարք մասնագետների հետ: Քննարկվել են Հայաստանի Արդարադատության ակադեմիայում ուսուցման արդյունավետ կազմակերպման, կրթական ծրագրերի շարունակական զարգացման հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Միաժամանակ, Վրաստանի Արդարադատության բարձրագույն դպրոցի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման նպատակով փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կազմակերպման վերաբերյալ:




Լրահոս