ՀԱՐՑ. Գուցե ոմանց համար հարցս այնքան էլ լուրջ չթվա, բայց այն ինձ իսկապես շատ է հետաքրքրում: Տարիներ առաջ մեր երկնակամարում արեւի մայր մտնելուն պես նկատում էի մեկ շատ փայլուն աստղ: Բայց վերջերս նկատեցի, որ այդ աստղի կողքին հիմա եւս մի փոքր աստղ կա, որը, ըստ իմ տպավորության, պտտվում է մեծ աստղի շուրջ: Խնդրում եմ բացատրել` այդ աստղի տեղաշարժվելն իրականում հնարավոր է արդյոք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անզեն աչքով աստղերի պտույտը տեսնել հնարավոր չէ, քանի որ աստղերի շարժումը չի երեւում, այն միլիոնավոր տարիների ընթացքում է գրանցվում: Աստղերի երեւալը կախված է երկնքի թափանցելիությունից: Ամենապայծառ աստղը, որը մենք ամեն մթնշաղի տեսնում ենք, Վեներա մոլորակն է, կողքի փոքրը Յուպիտերն է: Դե պարզ է, որ երկուսն էլ վաղուց կան, ուղղակի երեւալու համար անհրաժեշտ են եղանակային պայմաններ եւ երկնքի թափանցիկություն: Յուպիտերը միշտ էլ երեւացել է, ուղղակի ամեն եղանակի չէ, որ հստակ է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են ու հետեւում են նույնիսկ աստղերի տեղաշարժին, զգում նրանց «բացակայությունը»: Մյուս կողմից, մանավանդ մայրաքաղաքում մթնոլորտի աղտոտվածությունն այնքան մեծ է, որ առանց համապատասխան մասնագետների հիմնավորման էլ պարզ է, որ տեսանելիությունը բավական վատ կարող է լինել: Ու վատ տեսանելիության պատճառ կարող է դառնալ ոչ միայն աղտոտված մթնոլորտը, այլեւ մշտապես գոյություն ունեցող փոշու հսկայական ամպերը: Մեր քաղաքում թեթեւ քամին բավարար է, որպեսզի շատ հաճախ դժվար տեսանելի լինի նույնիսկ հարեւան շենքը: Ու եթե այդպես է, ուրեմն մարդու հետաքրքրություններից անկախ` հաճախ կարող է նույնիսկ երկինքն ընդհանրապես չերեւալ: