Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. “Անցած շաբաթ Հայաստան եկած մի շարք եվրոպացի արտգործնախարարներ այս կամ այն չափով անդրադարձան առաջիկա խորհրդարանական ընտրություններին և դրական գնահատեցին մեր երկրում ստեղծված նախընտրական մթնոլորտը: Ընդհանուր առմամբ նույն ոգով արտահայտվեց նաև ԱՄՆ դեսպանը: Կարելի է, իհարկե, ասել, որ մեր իշխանություններին հաջողվել է նրանց խաբել, կամ` որ նրանք առաջնորդվում են իրենց երկրների շահերով և ցանկանում են “խաբված լինել”` գուցե այդ երկու պնդումների մեջ ճշմարտության հատիկ կա: Սակայն, անկախ մեր իշխանությունների խորամանկության աստիճանից, նրանց ձգտումը` անցկացնել խաղաղ, առանց միջադեպերի ընտրություններ, նկատելի է, ու հենց դա է, հավանաբար, արձանագրում Արևմուտքը: Բնականաբար, այն մարդիկ, որոնք հետևում են մեր ներքաղաքական գործընթացներին, այնքան միամիտ չեն, որ հավատան, թե ընտրությունները կանցնեն առանց խախտումների [“գլխավոր զենքն” այստեղ, ըստ ամենայնի, լինելու է ընտրակաշառք բաժանելը և ցուցակների հետ կապված ձեռնածությունները]: Արձանագրենք նաև, որ իշխանական ճամբարից առայժմ չեն հնչում նաև “կլիզմա” , “մոսկա”, “բառաչող կովեր”, “քաղաքական դաշտի թափոններ” և այլ` նման ոճի արտահայտություններ, ինչը նույնպես բարենպաստ է անդրադառնում ընդհանուր մթնոլորտի վրա:
Ի՞նչ կարող է տալ մեզ նման ընթացքը, եթե այն, բոլոր քաղաքական ուժերի խոհեմության շնորհիվ, շարունակվի: Նախևառաջ` դա Հայաստանին եվրոպական ինտեգրման առումով շատ լայն հնարավորություններ կտա, ինչի մասին ուղղակիորեն խոսում էին մեր երկիր եկած հյուրերը: Ինձ թվում է, որ “Եվրանեսթի” արտագնա նիստից հետո եվրոպացիների համար էԲլ ավելի ցայտուն դարձավ մեր ու հարևան պետության քաղաքական ռեժիմների տարբերությունը, և նրանց մոտեցումը երկու երկրներին այլևս դժվար թե լինի համահարթեցված, պարիտետային: Հետևաբար, քիչ թե շատ նորմալ ընտրությունների անցկացումը, կարելի է առանց չափազանցության ասել` ազգային անվտանգության խնդիր է:Երկրորդ հանգամանքն այն է, որ բարեփոխումները Հայաստանի նման երկրում հնարավոր է անցկացնել միայն վերևից` բարձրագույն ղեկավարության կամային որոշումներով: Դա ցավալի փաստ է, բայց հույս դնել, որ “թալանչինե”ր, ավազակնե”ր, հեռացե”ք” գոռալու արդյունքում իշխանությունները կհեռանան և իրենց տեղը կզիջեն գոռացողներին, միամտություն է: Մյուս կողմից` պարզ է, որ որևէ դրական փոփոխություն իշխանությունները կկատարեն միայն հասարակության խաղաղ ճնշմամբ` այն դեպքում, եթե առաջ են քաշվել հասարակությունն իսկապես համախմբող գաղափարներ, ինչպիսին էր, օրինակ, քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ճնշումը ներքևից պետք է զուգակցվի դրսի ճնշմամբ: Ենթադրում եմ, որ իշխանությունները Երևան եկող հյուրերին այդ առումով Խոստումներ են տալիս: Դա դրական երևույթ է` անկախ նրանից, թե խոստումների որ մասն է կյանքի կոչվելու:
Այդ երկու ճնշումներն էլ պետք է լինեն որոշակի սահմաններում, որպեսզի երկրում քաոս չստեղծվի: Ամեն ինչ, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ”: