Բնության մոռացված արահետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղվարդի Օրհուս կենտրոնում մեկնարկեց «Բնության մոռացված արահետներ» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման կարեւորության շուրջ տեղեկացվածության մակարդակը եւ նպաստել Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրման աշխատանքներին: Ծրագրին մասնակցում են երիտասարդներ ոչ միայն Կոտայքի մարզից, այլեւ Երեւանից եւ այլ մարզերից: Այն իր մեջ ներառում է երկօրյա սեմինար եւ արշավներ դեպի Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր:

Հունիսի 3-ին եւ 4-ին տեղի ունեցավ ծրագրի երկօրյա սեմինարը, որտեղ փորձագետը ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացրեց ՀՀ մարզերի, մասնավորապես` Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը` որպես գյուղական համայնքի առաջընթացի եւ էկոտուրիզմի զարգացման գրավական: Երիտասարդները հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալու լուսանկարչության հմտություններին: Երկօրյա սեմինարին հաջորդեցին արշավներ դեպի Գառնի, Աղավնաձոր, Աղվերան, Բուժական եւ Հանքավան` բացահայտելու բնության նոր հուշարձաններ, տեսարժան վայրեր: Արշավների ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան գործնականում կիրառելու ճիշտ եւ գեղեցիկ լուսանկարներ ստանալու վերաբերյալ տրված տեսական գիտելիքները:

Համայնքների գեղեցիկ եւ տեսարժան վայրերը լուսանկարելու եւ տեղեկատվություն հավաքագրելու միջոցով, երիտասարդները ներկայացրին կենսաբազմազանությունը, որպես գյուղի զարգացան խթան: Ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա տպագրվեց բրոշյուր, առավել նշանակալի բնության հուշարձանների եւ տեսարժան վայրերի վերաբերյալ, որն էլ տարածվեց Կոտայքի մարզի մի շարք համայնքներում:

«Բնության մոռացված արահետներ» ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության Եղվարդի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ:

Ծրագրին աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում:




Լրահոս