Հայաստանը սպասում է Ղազախստանի և Բելառուսի հավանությանը. Կ. Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը սպասում է, որ Ղազախստանն ու Բելառուսը հավանության արժանացնեն Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու փաստը: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նշենք, որ Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին:

Նախարարը նշեց, որ Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները ևս պետք է հավանության արժանացնեն, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ: Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ առայժմ տեղեկություն չկա, թե երբ հավանության կարժանացնեն նշված երկրները:

Նա նաև անդրադարձավ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա՝ հայտարարելով. «Ամեն դեպքում դեռ վաղ է նման կանխատեսումներ անելու համար»: Այն հարցին, թե ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ ռուսական շուկան բաց կլինի թուրքական ապրանքների համար, հնարավո՞ր է, որ հայկական գյուղմթերքը ռուսական շուկայում տեղ չունենա, Ճշմարիտյանն ասաց.

«Հիմա այդ հարցով աշխատանք է տարվում, վարչապետն էլ հատուկ խորհրդակցություն է հրավիրել: Նա գյուղնախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է, որ բոլոր հնարավոր միջոցներով աջակցեն մեր տնտեսվարող սյուբեկտներին, որպեսզի կարողանանք Ռուսաստանի շուկայում ընդլայնել ապրանքացանկը:

Տեղեկության համար կարող եմ ասել, որ այն 57 անուն ապրանքները, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ, դրանցից 37-ը Հայաստանն արտահանում է, իսկ 31-ը հենց Ռուսաստանի դաշնություն: Մոտ 84 միլիոն դոլարի արտահանում է արվում, որից 67 մլն-ը հենց Ռուսաստան արտահանումից»,- ասաց նախարարը:




Լրահոս