Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Եզդիները շատ հին ազգ են կամ կրոն են՝ այստեղ կարծիքները տարբեր են, բայց դա տվյալ դեպքում էական չէ: Եզդիների ժամանակագրության մեջ հիմա 86-րդ դարն է՝ դա քաղաքակրթության մի շերտ է, որը մարդկությունը պարտավոր է պահպանել: Բայց նրանք, ովքեր Հյուսիսային Իրաքում զինում են և թև են տալիս սունի ծայրահեղականներին՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, որոշ ժամանակ նաև՝ Միացյալ Նահանգները, խորապես անտարբեր են քաղաքակրթության հանդեպ և հետապնդում են դարձյալ իրենց տնտեսական և քաղաքական շահերը:
Ամերիկացիներն ու եվրոպացիներն այս հարցում դրսևորում են հիմնականում ծայրահեղ երեսպաշտություն, ցինիզմ, լավագույն դեպքում՝ անտարբերություն: Իսկ մե՞նք՝ հայերս: Հայաստանում հասարակական տրամադրություններին հետևելով՝ դժվար է եզրակացնել, որ մեզ առանձնապես հետաքրքրում է մեր օրերի ցեղասպանությունը, որ այստեղ մարդկանց սիրտը ցավում է դժոխային տառապանքներ կրող մարդկանց համար:
Մինչդեռ պատմության ընթացքում, նաև Արցախի պատերազմում եզդիները հանդես են եկել որպես մեզ բարեկամ, դաշնակից ազգ: Գումարած դրան՝ մեր երկրում ապրում են ազգությամբ եզդի ավելի քան 35 հազար քաղաքացի (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Հասարակության անտարբերությունն, այդպիսով, բավականին զարմանալի է:
Իրաքի հյուսիսից ստացվող լուսանկարներն ու տեսագրությունները խիստ հիշեցնում են ինձ այն լուսանկարները, որոնք կան Երևանի ցեղասպանության թանգարանում: Ցեղասպանություն իրականացնող էթնոսները, կարծես թե, տարբեր են, բայց ոճն ակնհայտորեն նույնն է: Ինչպես և աշխարհի հզորների փարիսեցիությունը»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։