«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում շուրջ մեկ տարի է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Անձնակազմը տնօրինությունից բազմից պահանջել է վճարել աշխատավարձերը, սակայն՝ անօգուտ: Հիվանդանոցի տնօրինությունը նախորդ տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների աշխատավարձերը չի վճարել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանից պարզել, թե ինչն է ուշացումների պատճառը, սակայն մեր զրուցակիցն ասաց, թե ինքն արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հիվանդանոցում չի աշխաում: Թե որն էր աշխատանքից ազատման պատճառը, նա չցանկացավ հայտնել: Գուցե դարձյալ աշխատավա՞րձը:
Այնուամենայնիվ, դիմեցինք Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բուժվարչության գծով տեղակալ Արթուր Ավագյանին, ով էլ հրաժարվեց պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցերին՝ պատճառաբանելով. «Օր վերցրեք, եկեք հիվանդանոց ու ձեր հարցերին կպատասխանենք»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։