Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Սմբատյանը ինքնավնասում է արել` իրեն թուք ներարկելով:
Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` դատապարտյալն այդ քայլին է գնացել, քանի որ չի ցանկացել, որ իրեն տեղափոխեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ, ըստ տեղեկությունների, ինքը թշնամիներ ունի, որոնց թվում է օպերատիվ բաժնի պետ Հովհաննես Հակոբյանը:
Ըստ տեղեկությունների` օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում պետք է կայանա դատական նիստ` ՀՀ ՔՕ 178 հոդվածի 1-ին մասով, այն է` խարդախություն:
Չցանկանալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գնալ դատական նիստին` փորձել է ամեն կերպ ԴՀ ՔԿՀ-ից տեղափոխվել դատարան:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին տեղեկացրեց, որ դատապարտյալն իրեն թուք չի ներարկել, այլ դիմում է ներկայացրել` իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան տեղափոխելու համար, ինչը բավարարվել է:
Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ` Արթուր Սմբատյան արդեն տևական ժամանակ է` ԴՀ ՔԿՀ-ում է` իր առողջական խնդիրների պատճառով: Թե որոնք են առողջական խնդիրները, Գոռ Ղլեչյանը չմանրամասնեց` պատճառաբանելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն: