Տևական ժամանակ է` Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ:
Ինչպես արդեն տեղեկացրել է Armlur.am-ը, Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսական անձնակազմը շարունակում են պայքարել ՕԵԿ-ի անօրինականությունների դեմ:
Բուհի պրոռեկտորներ Պարույր Էֆենդյանը, Յուրի Մարմարյանը և Դանիել Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեցին հստակ կերպով ձևակերպել իրենց պահանջը` կապված համալսարանի տարածքում իրակականացվող ապօրինի շինանարարական աշխատանքների հետ, ինչպես նաև իրենց մտահոգությունները հայտնեցին թեմայի առնչությամբ:
«Բանն այն է, որ ՕԵԿ-ին հատկացվել է 262 քառակուսի մետր տարածք, մինչդեռ նրանք չեն բավարարվում այդ տարածքով և շինարարական աշխատանքներ են իրականացնում լրացուցիչ 452 քառակուսի մետր տարածքում: Այդ տարածքը նախատեսված է լաբորատորիա կառուցելու համար, բազմաթիվ կազմակերպություններ համապատասխան գույք են տրամադրել` լաբորատորիան հագեցնելու նպատակով, իսկ ՕԵԿ-ականները զբաղեցրել են այդ տարածքը` իրենց շինարարարական աշխատանքները կատարելու նպատակով»,- նշեց համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Դանիել Պետրոսյանի խոսքերով՝ նույն տարածքն ունի երկու սեփականատեր` Երևանի քաքապետարանն ու ՀՀ կառավարությունը, բայց իրենց այդ տարածքը հատկացրել է կառավարությունը, հետևաբար, կառավարության կողմից էլ պիտի համապատասխան լծակներ կիրառվեն այս հարցը խելամիտ կերպով լուծելու համար: