ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությունն ապօրինի գործունեություն է ծավալել. Ֆիննախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարությունն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ այդ նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Այդ միջոցառումների շրջանակում վարչության 8-րդ բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Կրպակ» ՍՊԸ-ն թեպետ հիմնականում խանութների ցանցի միջոցով իրականացնում է սննդամթերքի և այլ ապրանքների մանրամեծածախ առևտուր, նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում. Երևանի Նոր-Նորք 7-րդ զանգվածում և Հրազդան քաղաքում վարձակալված առևտրի կետերում, բացի մանրամեծածախ առևտրից, նաև ենթավարձակալությամբ տաղավարներ է տրամադրում տարբեր տնտեսվարող սուբյեկտների, որոնք պայմանագրի հիման վրա նույնպես իրականացնում են մանրածախ առևտուր:

Ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորելու նպատակով «Կրպակ» ՍՊԸ-ում ՕՀՎ 8-րդ բաժնի և Հրազդանի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում` ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորվել են: Համաձայն օրենսդրության «առևտրի իրականացման վայրի կազմակերպում»-ը լիցենզավորման ենթակա գործունեություն է, մինչդեռ «Կրպակ»-ը վերոհիշյալ հասցեներում նմանատիպ գործունեությունն իրականացնում է առանց լիցենզիայի, ինչի համար ընկերությանն առաջադրվել է տուգանք` համապատասխան պետական տուրքի տասնապատիկի չափով` կազմելով 15 միլիոն դրամ: Վերականգնման ենթակա է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքը` 1.5 միլիոն դրամի չափով: Դեպքի առթիվ կազմված նյութերը ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու նպատակով:

Նշենք, որ «Կրպակ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս