Չնայած բոլոր տեսակի շահարկումներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը մնում է անփոփոխ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում կայացած վերջին` Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների քննարկումները շարունակվում են: Մասնավորապես` Հայաստանի արևմտամետ փորձագետներն ու քաղաքական շրջանակները Պուտինի կազմակերպած հանդիպումը համարում են Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից դուրս բերելու և միանձնյա տնօրինման տակ վերցնելու անթաքույց փորձ, որը Հայաստանի համար մեծ վտանգներով է հղի: Եվ այս պնդումն իբրև անհերքելի իրողություն ընդունելով` շտապում են իրենց վերլուծություններով գնալ շատ հեռուն, ընդհուպ` մինչև ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի գրծունեության դադարեցում և ղարաբաղյան հակամարտության` ապամիջազգայնացման, ՙռուսական աշխարհի ներքին գործ՚ դառնալու տխուր հեռանկարների ամրագրում:

Մինչդեռ առանց սխալվելու մտավախության` նման կանխատեսումները կարելի է չափազանցություն համարել, քանզի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ոչ վաղ անցյալին հպանցիկ ծանոթությունն անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանի կողմից նման նախաձեռնությունները, կամ ինչպես այսօր ահազանգում են մեր արևմտամետ գործիչները` ՙապամիջազգայնացման փորձերը՚ նախկինում էլ են եղել, և ոչ մեկ անգամ: Բավական է հիշատակել թեկուզ 2009-2011թթ. Դմիտրի Մեդվեդևի անմիջական ջանքերով կազմակերպված մի քանի եռակողմ հանդիպումները, այդ թվում` հենց նույն Սոչիում: Հատուկ ընդգծենք, որ այդ ժամանակ էլ Ադրբեջանն անընդմեջ դժգոհում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից և անգամ ավելի ակտիվ ջանքեր էր գործադրում` կարգավորման ֆորմատը փոփոխելու և ՄԱԿ-ի հովանու ներքո տեղափոխելու ուղղությամբ:

Սակայն ինչպես տեսանք, ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը չփոխվեց ո՛չ ռուսների, ո՛չ էլ ամերիկացիների ակտիվացման առանձին փորձերից:

Առհասարակ, կարգավորման քսանամյա ընթացքում եղել են երեք առանցքային հանդիպումներ, երբ կարծես թե կողմերն առավելագույնս մոտ են եղել խնդրի կարգավորմանը. 2001 թ. Քի Ուեսթ` ԱՄՆ-ի անմիջական հովանու ներքո, 2006 թ.Ռամբուե` Ֆրանսիայի ջանքերով, և 2011թ.Կազան` արդեն ռուսների տիրույթում: Եվ եթե այսօր Պուտինին հաջողվեց ավելի առաջ անցնել իր ֆրանսիացի գործընկերոջից, և հանդիպումը կազմակերպել ավելի շուտ, քան հոկտեմբերին Փարիզում նախատեսվող հանդիպումն էր, ապա դա դեռ չի նշանակում, որ այն առհասարակ չի կայանալու: Եվ կամ` ինչպես բոլորովին վերջերս հարյուրտոկոսանոց վստահությամբ կանխատեսում էին մեր նույն արևմտամետ փորձագետները, Ալիևն ու Սարգսյանն անպայման հանդիպելու են սեպտեմբերի վերջին` Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Եվ ի վերջո` անկախ արևմտա-արևելամետ փորձագետների գնահատականներից, փաստն այն է, որ Սոչիում ՀՀ նախագահը հանդես եկավ վստահ և անզիջում դիրքերից, իսկ այդ հանդիպումից հետո էլ սահմանում լարվածությունը նկատելիորեն թուլացավ:

 




Լրահոս