Այսօր Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1950 թվականին այս օրն է ծնվել երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

Նա արմատներով Արևմտյան Հայաստանից է: Վաղ տարիքից Էլվինան մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ: Մայրը՝ տիկին Ռոզան, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:


12 տարեկան հասակում Է. Մակարյանը մասնակցում է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունենում: Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն: Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ: Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստանում երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում: Էլվինա Մակարյանը «Կռունկում» կատարելագործվում է որպես ջազային երգչուհի:

Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ: Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում: Սկսվում են արտասահմանյան շրջագայությունները: Երգչուհին տիրապետում էր անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին և իտալերենին:

Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար: 1980-ականներին Կոմունիստական կուսակցության կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով: Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թթ., նա չի դադարել ստեղծագործել:

1990-ականների սկզբներին երգչուհին վերադառնում է Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվականը:

2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են մահացած՝ սեփական բնակարանում: Պաշտոնապես նրա մահվան պատճառը նշվեց սրտի կաթվածը: Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ:

Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել: Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար: 




Լրահոս