Գերմանիան գաղտնալսել է Հիլարի Քլինթոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հետախուզությունը գաղտնալսել է Հիլարի Քլինթոնին վերջինիս՝ ԱՄՆ պետքարտուղար լինելու ընթացքում: Խոսքը գնում է կառավարական ինքնաթիռով թռիչք կատարելու ժամանակահատվածին, հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:

Քլինթոնի խոսակցությունն, իբր, պատահաբար է գաղտնալսվել և նրան հետևելու հատուկ ծրագիր չի եղել:

Գերմանիայի կառավարությունը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:

Լրատվամիջոցները պարզել են, որ Գերմանիայի կառավարությունը հրահանգել էր երկրի դաշնային հետախուզական ծառայությանը գաղտնալսել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկին, սակայն չի հաղորդվում, թե որ երկրի մասին է խոսքը:

Հուլիսին Գերմանիայում ամերիկյան հատուկ ծառայությունների հետ կապված միաժամանակ երկու լրտեսային սկանդալ էր գրանցվել: Հուլիսի 2-ին հայտնի էր դարձել դաշնային ծառայության աշխատակցի ձերբակալման մասին: Այնուհետև Sueddeutsche Zeitung-ը հայտնել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների օգտին լրտեսող Գերմանիայի մեկ այլ քաղաքացու մասին:

Պարբերականի տեղեկություններով, ձերբակալվածը ԳԴՀ-ի պաշտպանության նախարարության աշխատակից է:

Այս ֆոնի վրա Գերմանիայի կանցլերի գերատեսչությունը սահմանափակել էր երկրի արտաքին հետախուզության և պաշտպանության նախարարության համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ:




Լրահոս