Գեղեցկուհուն ծեծել էին ու թալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ոսկեհասկ օրերս ավազակային հարձակման դեպք էր գրանցվել: Օգոստոսի 8-ին երկու հոգի դիմակավորված մուտք էր գործել գյուղացիներից մեկի բնակարան, դաժանորեն ծեծի ենթարկել տանտիրուհուն` 79-ամյա Գեղեցկուհի Մանուկյանին, տարել ոսկյա զարդերը և 3000 դոլար:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված Գեղեցկուհին կարծիք հայտնեց, որ հանցագործները շատ լավ տեղեկացված են եղել եւ միայն գյուղացիները կարող էին հանցագործներին պատմած լինել, թե ինքը ինչ «գործ է սկսել»:

Տուժածի խոսքերով՝ երեկոյան ժամը 1:00-ի սահմաններում ինքը գնացել է մառան` դեղ բերելու: «Դեղը բերեցի, տաբլետկաներս ընդունեցի ու պառկեցի: Երևի մի քիչ աչքս կպել էր, մեկ էլ արթնացա ու մտքովս անցավ՝ կարող է տան դուռը չեմ փակել: Մեկ էլ տանս մեջ տեսնեմ երկու հոգի, երկուսն էլ դիմակավորված: Նրանցից մեկը բարձրահասակ էր, մյուսը կարճոտ էր: Լրիվ սեւ էին հագած: Գլխներին սեւ բան կար քաշած, ձեռքներն էլ սեւ ձեռնոցներ էին հագել ու իրենց ճակատից էլ լույս քցող բատարեյ կար: Ինձ ասացին, թե ուր են ոսկիներդ, ես էլ ասացի՝ չունեմ: Վզիցս քաշեցին պոկեցին վզնոցս, ականջօղերս, ու մատանիս: Հետո ասացին, թե փողերդ ուր է, ասացի՝ չունեմ: Բարձրահասակ մասկայովն ինձ ասեց՝ եթե փող չունես, բա ինչով էս տներդ ռեմոնտ անում»,- պատմեց Գեցղեցկուհի Մանուկյանը` հավելելով, որ մինչ գողերը փորձել են կապել իր բերանը, նա այդ ժամանակ օգնություն է կանչել: Նշենք, որ Գեղեցկուհի Մանուկյանն ապրում է միայնակ:

«Իմ եղբորորդու անունը տվեցի, Նորիկ, Նորիկ: Իսկ դրանցից մեկն ինձ ասեց, թե Նորիկը ես եմ, բայց ես շատ լավ գիտեի, դա Նորիկը չէր, իսկ իրենց չէի կարողանում ճանաչել, նրանք դիմակով էին: Բերանս շորով, կոճով կապին, ձեռքերս կապին ու սկսեցին տունը տակնուվրա անել: Պայուսակս գտան, քրքրեցին, մեջից հանեցին 3000 դոլար: Հիմա կասեք , թե թոշակառու կնոջն այդքան փող որտեղից: Այս տարվա կարկուտից հետո ջուրը լցվել էր տունս եւ ամեն ինչ ավիրվել էր: Դրա համար Ամերիկայում բնակվող քրոջիցս գումար էի խնդրել, նա էլ ինձ 3000 դոլար փող էր ուղարկել: Պայուսակիցս տարել են այդ գումարը, ոսկյա երկու մատանիները, որը եղբորս որդունն էր, ուզում էինք պսակել ու այդ մատանիները ինձ մոտ էին»,- պատմեց ծեծի ենթարկված կինը` նշելով, թե ինքն առայժմ կասկածներ չունի, թե ում ձեռքի գործն է սա:

Սակայն, ըստ մեր զրուցակցի, անծանոթ մարդիկ չէին կարող իմանալ, թե ինքը տուն է վերանորոգում եւ գումար ունի. «Գյուղից մեկն է տեղեկություն տվել գողերին, թե չէ անծանոթը չէր կարող իմանալ, որ տանս ներսում վերանորոգում եմ սկսել: Ավելին, հանցագործները չէին գնացել այն տեղը, որտեղ վերանորոգում եմ, ուրեմն սա նշանակում է, որ շատ լավ իմացել էին, թե որտեղ է ամեն ինչ գտնվում»:

Նկատենք, որ վերջին շրջանում բնակարանային գողության այսօրինակ դեպքեր հաճախ են լինում. ավազակները ոչ միայն թալանում են տանտերերին, այլեւ դաժան ծեծի ենթարկում ու վախեցնում: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին նման դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք մտել էին ամուսիններ Հրաչիկ և Սիրան Հովhանյանների տուն, գողացել ոսկյա զարդերն ու դաժանաբար ծեծել նրանց: Ըստ հարազատների՝ ծեծի ենթարկողների մեջ նաեւ մի աղջիկ էր եղել: Նման խնդրի առաջ էին կանգնել նաեւ Երևան-Սևան ավտոճանապարհի 18/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տնօրեն,

46-ամյա Ռոբերտ Մնացականյանը, 68-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանը եւ նրանց հարսներ Էմման ու Արմինեն: Ծեծի ենթարկողները եղել էին 5-ը, որոնք, հափշտակելով գումարը, մի բան էլ սպառնացել էին, թե հետ կվերադառնան: Դաժան ծեծի էին ենթարկվել նաև Արմավիրի մարզի Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկու փողոցի 12 տան բնակիչ ամուսիններ 56-ամյա Մռազ Քոչարյանը և 55-ամյա Սեյրան Ջալիլյանը. նրանցից գողացել էին 2.5 մլն դրամի ոսկյա զարդեր եւ այլ իրեր:

Ու այս դեպքերից ոչ մեկը դեռեւս բացահայտված չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս