Վերջերս ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչները դիմում-բողոք են գրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակին: Նրանք IFC-ից պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը եւ Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցումը, քանի որ «այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար»:
Տեղեկացնենք, որ Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը: Բրիտանական «Lydian International»-ը Հայաստանում ներկայացնող «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ կառուցել ցիանային արտադրություն: Նախատեսվում է ցիանային գործարանը կառուցել Գնդեվազ գյուղի տարածքում:
Հավելենք, որ «Գեթոիմ» ընկերությունն արդեն մի քանի անգամ տեղափոխում է ցիանային ֆաբրիկայի կառուցման վայրը: Սյունիքի մարզի Գորայք համայնքում նախկինում ընտրված տարածքները արգելված համարվեցին, քանի որ ընկնում էին Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքում: Այժմ այդ ծրագիրը տեղափոխված է Գնդեվազ:
Եվ այսօր ավելի քան 200 բնակիչ ստորագրել է IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի տակ, որով պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ֆինանսավորումը: Բացի այդ, գնդեվազցիները մտահոգված են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում կատարվող պայթեցումների հետեւանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաեւ գյուղի բնակելի տարածքի վրա:
Դիմում-բողոքի հեղինակներից մեկը՝ Արմեն Համբարձումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետեւանքները: Դրա պատճառով մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում, անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում: Բացի հանքը, այստեղ՝ գյուղին կից, շատ մոտ 2 կմ հեռավորության վրա փորձում են ցիանային հարթակ կառուցել: Ավելի շատ վերջին խնդրի հետ կապված մենք զայրացանք ու նամակ գրեցինք: Միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակն իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե՛ Գնդեվազի շրջակա միջավայրի, թե՛ Գնդեվազի բնակչության վրա: Մեր պահանջն է, որ կտրականապես չշահագործվի հանքը: Եվ Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքներն անպայման արձանագրվեն, որը չի արվում»:
Համբարձումյանի պնդմամբ՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատելու ընթացքում մի շարք աշխատակիցներ արդեն հասցրել են տուժել` չստանալով համապատասխան բժշկական օգնություն եւ հետազոտություն:
«Իսկ իրենց որ լսենք, կասեն հակառակը՝ ամեն ինչ լավ է ու ձեզ համար օգտակար է: Բայց գնդեվազցիներն արդեն իսկ իրենց ստորագրություններով իրենց սեփական կարծիքը
հայտնել են. նրանք կտրականապես դեմ են ե՛ւ հանքավայրի շահագորմանը, ե՛ւ ցիանային հարթակի կառուցմանը: Դա ապականում է շրջակա միջավայրը, եւ այդ մետաղների փոշին նստում է բուսականության վրա: Մենք էլ չենք կարողանում իրացնենք դրանք, քանի որ այստեղի կաթը, մեղրը, դեղձը, բուսականությունը թունավորվում է դրանից: Դուք որ իմանաք այդ միրգը նման տարածքից է՝ կգնե±ք այն, թե± ոչ: Իհարկե չեք գնի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչեւէ, Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով խորհրդականի ապարատին դիմում-բողոքն ուղարկելուց անցել է մեկ ամիս, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե գնդեվազցիներն ինչու չեն դիմել տեղի հայկական պետական կառույցներին, նա պատասխանեց. «Եթե մի գործուղության, այսպես ասած, դաբրոն կառավարությունն է տվել, ես իրենց դիմեմ ինչ անեմ: Ես այսքանից հետո ո±ւմ դիմեմ, որ գան մեզ լսեն: Եթե մեր սրտով պատասխան չստանանք, ապա շարունակելու ենք մեր պայքարը մինչեւ հասնենք ինչ- որ արդյունքի»:
Ի դեպ, դիմում-բողոքում նշված է նաեւ, որ «Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլյացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երեւանում եւ հանրապետության այլ տարածքներում եւ կտեղահանվեն: «Գեոթիմ» կազմակերպությունը իր գործն առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումներն իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է եւ նպատակն ակնհայտ է: «Գեոթիմ» կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում, եւ այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը»,- նշված է նամակում:
Գնդեվազի բնակիչների կողմից բարձրացված հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց «Գեոթիմ» ընկերությանը, որտեղից ստացանք հետեւյալ հավաստիացումը. «Գեոթիմ» ընկերությունը խոստանում է ուսումնասիրել գյուղացիների բողոքի հետ կապված խնդիրը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք եւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք, որպեսզի բողոքի հեղինակներն ունենան համապատասխան տեղեկատվությունը: Ընկերությունը նպատակ ունի ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի հողի ձեռքբերման եւ փոխհատուցման գործընթացն անցնի թափանցիկ, իսկ մտահոգությունները ստանան պատասխան»:
Հ. Գ. Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագիծը կապված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անվան հետ: Ի դեպ, հենց այս նախագծի քարոզչության շրջանակներում էլ նախորդ տարի Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ