Տավուշի մարզի որոշ համայնքներում այրում են դաշտերը՝ չմտածելով հետևանքների մասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ հրկիզվել են Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղ-Սևքար համայնքների միջև ընկած ճանապարհի եզրի մի քանի հեկտար դաշտերը եւ բազմաթիվ պտղատու և ոչ պտղատու ծառեր: Սկզբից հրկիզվել են դաշտերը, հետո կրակն անցել է դաշտի մեջ և միջպետական ճանապարհի եզրին գտնվող ծառերին:

«Շատ ցավալի է տեսնել այրված թթենիները»,- սրտի ցավով նշեցին Սարիգյուղի բնակիչները: ՀՀ բնապահապանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե տեսչությունն այս կապակցությամբ ահազանգ ստացե՞լ է: Ա. Մանուչարյանն ասաց, որ իրենք ահազանգ չեն ստացել եւ խոստացավ զբաղվել դեպքի ուսումնասիրությամբ:

Սևքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը հայտնեց, որ ինքը տեղյակ է կատարվածի մասին, տեսել է հրդեհի պատճառած վնասները: Նա ասաց, որ չգիտի, թե ովքեր են դաշտը հրկիզել, դա կատարվել է գիշերով: Հավանաբար, գյուղացիներն այրել են արդեն հնձված իրենց արտերը, կրակն էլ տարածվել է: Նրանք կարծում են, որ հնձված արտերը հրկիզելու դեպքում այդ հողամասը հաջորդ տարի ավելի շատ բերք է տալու:

Հրկիզում են տարածքները, չմտահոգվելով, որ թեթև քամուց բորբոքված կրակն արագորեն տարածվում և վնասներ է պատճառում: Այդ հրկիզումներից ոչ միայն դաշտեր, թփեր, ծառեր են այրվում, այլև ոչնչանում է տվյալ տարածքի կենդանական աշխարհը: Փաստ է, որ դաշտերն այրողների ձեռքը բռնող չկա, հրձիգ գյուղացիներն այդպես էլ չեն տուգանվում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս