Աղստև գետը լցված է աղբով. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ օրերս ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին համայնքի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին, որ իրենց համայնքում աղբահանության հետ կապված խնդիր կա եւ այն տեւական ժամանակ է, ինչ չի լուծվում: Նրանց պնդմամբ՝ բնակիչների մեծ մասն իրենց տան աղբը թափում է Աղստև գետը: Հաղարծինցիների կարծիքով՝ գյուղապետն արդեն մի քանի անգամ վերընտրվել է, բայց չի կարողանում լուծել այս խնդիրը: Այս եւ այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանի հետ:

-Դեռ խորհրդային տարիներից մեր գյուղին պատկանող, բայց մոտ 7 կմ հեռավորության վրա կա մեծ աղբավայր: Եվ մեր գյուղի բնակիչներն իրենց կենցաղային աղբն այնտեղ են թափում: Բայց Դիլիջան քաղաքի բնակիչները բերում են ու իրենց աղբը թափում են հենց մեր գյուղին պատկանող մեծ աղբավայրում: Դա հիմա փակել ենք, որ Դիլիջանի եւ հարակից համայնքների բնակիչները չբերեն իրենց աղբն ու լցնեն այդտեղ:

-Ինչպե՞ս եք փակել:

-Երկաթե ձողերով, որպեսզի մարդիկ չկարողանան մեքենաներով էլ անցնել:

-Բայց բնակիչների խոսքով, հարեւան համայնքներն աղբահանության հետ կապված խնդիր չունեն:

-Բայց ո՞ր գյուղում այդպես չէ: Բոլոր գյուղերում էլ նույն խնդիրն է: Հայաստանի բոլոր գյուղերում կենտրոնացված աղբահանություն է արվում, իսկ մեզ մոտ չէ՞: Նման բան չկա: Ես իմ ուժերով միայն կարողանում եմ կենտրոնական փողոցն աղբահանել, որովհետեւ գյուղի միջով է մայրուղին անցնում: Իսկ գյուղի մյուս փողոցները մաքրելը մեր ուժերից վեր բան է:

-Ինչու՞: Համայնքի բյուջեն չի՞ բավարարում:

-Իհարկե, չի բավարարում: Մեզ որտեղի՞ց գումար: Մենք չենք կարող մեքենաներ վարձել, որ աղբահանություն անի: Մի կազմակերպությունից հետաքրքրվեցինք, բայց իրենք էլ իրենց աշխատանքը տարեկան գնահատեցին 20 մլն դրամ: Մենք որտե՞ղ ունենք այդչափ գումար, որ վճարենք: Մեր սեփական ուժերով վաստակած գումարի չափը կազմում է միայն 10 մլն դրամ:

-Պարոն Պողոսյան, բնակիչների պնդմամբ՝  Աղստև գետն էլ է լցված աղբով:

-Արդեն 30 տարի է, ինչ Դիլիջան քաղաքի կոյուղին լցվում է Աղստեք գետը: Դա մեր հետ կապ չունի: Բայց հիմա մեր գյուղից ներքեւ կեղտաջրերի մաքրման կայան է կառուցվում, որպեսզի այն չթափվի Աղստեք գետ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս