Պուտին, կանչի՛ր մեզ քո դղյակը, և մենք կգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին եռակողմ հանդիպումն, ըստ էության, հիմնավորեց կասկածները, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում վերջին միջադեպերը պատահական չէին:

Դեռ շաբաթ օրը Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել եւ Սերժ Սարգսյանի, եւ Իլհամ Ալիեւի հետ: Երեկոյան նրանց հրավիրել` միասին դիտելու մարտական սամբոյի մրցաշարը: Իսկ արդեն կիրակի օրը ՌԴ նախագահի անմիջական նախաձեռնությամբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպումը, ընդ որում, առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդության:

Նշենք, որ 2011թ. Կազանում Մեդվեդեւի նախաձեռնած հանդիպումից հետո սա երկրորդ դեպքն է, երբ ՌԴ-ն ինքն է բանակցային սեղանի շուրջ բերում ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներին: Ավելին, այս անգամ Պուտինին հաջողվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպել արեւմուտքի` մի քանի ձախողված փորձերից հետո: Ուկրաինական ճգնաժամում տանուլ տալուց եւ արեւմուտքի կողմից մեկուսացվելուց հետո Ռուսաստանը սրանով ցույց տվեց, թե ինքն, այնուամենայնիվ, դեռ գործոն է, այն էլ` խաղաղասեր, Հարավային Կովկասն իր անմիջական ազդեցության տակ է եւ այսպես շարունակ:

Խաղաղասերի մունդիրով

Հատկանշական է, որ մեկ օր առաջ Պուտինի հետ առանձին-առանձին հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միեւնույն սեղանի շուրջ որոշել էին հայրենասիրական, խաղաղասիրական թեմաներով գեղեցիկ ներկայացում: Հայաստանին մի քանի օր շարունակ պատերազմով սպառնացող Իլհամ Ալիեւը Սոչիում խոսում էր ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին, նաեւ հիշեցրեց, որ ՄԱԿ-ի չորս բանաձեւերի պահանջները ՀՀ-ն մինչեւ հիմա չի կատարել ու «օկուպացիոն զորքերը» դուրս չի բերել այդ տարածքներից:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին որոշել էր հոխորտալ Ալիեւի մոտ ու հարցրեց` իսկ Ադրբեջանն այդ բանաձեւերի ո՞ր կետն է կատարել, նաեւ` պնդել, որ հիմնախնդիրը կարելի է լուծել ու պետք է լուծել փոխզիջման եւ ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Եւ այսպես շարունակ: Ի դեպ, այդ հանդիպումից հետո սահմանին կրկին հանդարտություն է, եւ հրադադարի ռեժիմի խախտումները նույն ինտենսիվությամբ չեն շարունակվում: Այլ կերպ ասած, սահմանային վերջին միջադեպերն անհնարժեշտ էին հակամարտող կողմերին զենք մատակարարող Ռուսաստանին` իր մոտ հանդիպում կազմակերպելու եւ միջազգային հանրության առաջ հաշտեցնողի, խաղաղարարի շապիկ հագնելու համար, ինչն էլ նա իրականացրեց:

Գոլդսթեյնի թեորիան կամ պատերազմը` խաղաղություն է

Ի դեպ, տեսակետ կա, որ սահմանային միջադեպերը ձեռնտու են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին. ի վերջո ստատուս քվոյի երկարաձգումը նրանց համար իշխանությունը պահելու լավագույն ձեւն է. ամեն անգամ քաղաքական լարված իրավիճակներում սահմանին հնչած կրակոցները վկայակոչելով ու պատերազմի ուրվականի սպառնալիքով, նրանք փորձել են վախեցնել հասարակությանն ու զսպել կրքերը: Այս առումով, թերեւս, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներից հետո «Բանաձեւ» հաղորդաշարին տված հարցազրույցում ինքնախոստովանությունը.

«Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ»: Այլ կերպ ասած, սրանով Սերժ Սարգսյանն անուղղակի կերպով մատնեց իշխանությունների մտադրությունը` հնարավորինս պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը` իշխանության երկարաձգման գերնպատակի համար:

Խոստովանեցի՞ր, զավակս

Սերժ Սարգսյանը երեկ մեկ այլ ուշագրավ խոստովանություն է արել: «Ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաեւ Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ:

Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որեւէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաեւ ադրբեջանցիները»,- ասել է նա:

Հետաքրքիրն այն է, որ երբ 2008թ. նախագահական քարոզարշավի օրերին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նմանատիպ հայտարարություն արեց` նշելով, որ հայկական զորքերը Ղարաբաղյան պատերազմում հիմնական առաջընթացը գրանցել են այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներքաղաքական խժդժություններ էին, երբ քաղաքացիական պատերազմ էր, իշխանությունները` հանձինս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, միանգամից սկսեցին հակադարձել, թե նա ուրանում է արցախյան հերոսամարտում ազատամարտիկների ավանդը, որ փորձում նսեմացնել հաղթանակը: Այնինչ, այսօր նույն Սերժ Սարգսյանը կրկնում է այդ միտքը:

Ինքն էլ չգիտի

Դժվար չէ կռահել, որ Պուտինի հետ հանդիպման օրակարգում եղել է նաեւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը: Այս առումով, հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանի պատասխանը, թերեւս, ապշեցուցիչ է. պատասխանելով ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթի ստորագրման մասին, նա ասել է. «Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ` կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց` մինչեւ աշուն: Տեսնենք»:

Այլ կերպ ասած, Ս.Սարգսյանն ինքն էլ չիգիտի` երբ է ստորագրելու համապատասխան փաստաթուղթը, փոխարենը նա միայն կարծում է: Թեեւ, նկատենք, որ Ս.Սարգսյանի դեպքում սա միանգամայն բնական է. նա իրավիճակին չի տիրապետում, այլ անում է այն, ինչ հարմար է գտնում ՌԴ-ն: Ուստի, քանի դեռ արեւմուտքի հետ սառը պատերազմի մտած ՌԴ-ն չգիտի` երբ կանդրադառնա ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությանը, Սարգսյանն էլ չգիտի` երբ կստորագրվի փաստաթուղթը:

Հ.Գ. Իմիջիայլոց, այսքանից հետո Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է արձակուրդ, որի մի մասը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա անցկացնելու է արտերկրում: Թե որտեղ, բնականաբար, չի նշվում:

Արման Գալոյան




Լրահոս