Ինչո՞ւ չընդունվեց Արմեն Երիցյանի օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին հայոց բանակի կողքին լինելը յուրաքանչյուրի պարտականությունն է ու պետք չէ, որպեսզի ամեն մեկն իր կայացման համար անտեղի հայտարարություններով հանդես գա:

-Պարոն Երիցյան, կառավարության վերջին նիստի ժամանակ Դուք հայտարարեցիք՝ չնայած նրան, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժեղներից մեկն է, սակայն ՀՀ ԱԻՆ-ը կարող է օգնել ՊՆ-ին` շփման գծում տիրող իրավիճակը մեղմացնելու հարցում: Նշել էիք նաեւ, որ ԱԻՆ-ի քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 հոգանոց զորքը կարող է ՊՆ-ին օգնել սահմանում: Ձեր հայտարարությունը քննադատության առիթ է դարձել, Ձեզ մեղադրում են բանակը «նսեմացնելու» մեջ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չընդունվեց Ձեր օգնությունը:

-Նախ՝ ուզում եմ նշել, որ դա հայտարարություն չէր, այլ ուղղակի իմ սրտից բխող խոսք էր, ու մենք իսկապես պատրաստ ենք մեր հայոց բանակի կողքին լինել: Ես այնտեղ հայտարարել եմ, որ ՀՀ ՊՆ-ն տարածաշրջանում հզորներից է, մենք ունենք հզոր բանակ, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս պետք է կողքի քաշվենք ու ՀՀ-ում տիրող իրավիճակին որեւէ կերպ չարձագանքենք:

Ես այդ հայտարարությունը արել եմ իմ սպաների, գեներալների անունից, ովքեր այսօր ծառայում են մեր փրկարար ծառայությունում: Հայտարարել, որ նսեմացնում ենք բանակը, մեղմ ասած, ճիշտ չէ, մենք մեր բանակը հարգում ենք: Պարոն Օհանյանի հետ մենք մտերիմ ընկերներ ենք ու ամեն մեկս մեր գործառույթները լավ գիտենք:

-Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունե՞լ է Ձեր առաջարկը:

-Մենք հարցը քննարկում ենք պարոն Ս. Օհանյանի հետ, որովհետեւ մենք անելիք շատ ունենք: Ես արդեն հանձնարարել եմ, որ սահմանամերձ գյուղերում բնակվողների հետ կապված` լուրջ աշխատանք տարվի, նրանց անվտանգությունը հսկվի:

-Ձեր քայլը որակվեց նաեւ սեփական PR, ու նշվեց, որ Դուք վերջին ժամանակահատվածում հաճախ եք նման քայլերի դիմում: Հիշատակվեց նաեւ այն դեպքը, երբ Դուք փրկել էիք մի երիտասարդի, ով ցանկանում էր ինքնասպան լինել:

-Ես ընդհանրապես այդ մասին չեմ մտածել ու չեմ էլ մտածում, դա այն մարդիկ են հայտարարում, ովքեր այդ ամենի կարիքն ունեն: Ճիշտ եք ասում՝ տարբեր արտահայտություններ են եղել, բայց ուզում եմ մեկ բան ասել. ով ծնվել է սողալու համար, նա չի կարող թռչել: Եղել են անգամ արտահայտություններ, թե ունենք ընկերներ, որ սահման չեն գնա իր հետեւից, իհարկե այդպիսի հավեր էլ կունենանք: Այդպիսի հավեր կարող են լինել եւ ՊՆ-ում, եւ մեզ մոտ, բայց ընդհանուր մեր բանակը, մեր գեներալները բոլորս պատրաստ ենք գնալ ու կանգնել մեր զինվորների կողքին:

Ես PR անեմ ինչի՞ համար, ես այսօր իմ գործառույթներն եմ կատարում, ես դրա կարիքը չունեմ, նախարարից բարձր պաշտոնի ակնկալիք ես չունեմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը ու պատրաստ եմ նրա համար գնալ ու կռվել: Գյուղացին հայտարարում է, որ ինքը ցանկանում է գնալ իր զինվորի կողքին կանգնել, իսկ մենք՝ կառավարության անդամներս, ինչո՞վ ենք պակաս, որպեսզի նման հայտարարություն չանենք, իրենց հայտարարությունը հայրանասիրություն է կոչվում, իսկ

մերը PR՞: Հիմա, եթե չգնայինք, որեւէ կերպ չարձագանքեինք կատարվածին՝ կհայտարարեին, թե նախարարը փախավ, վախեցավ, չի ուզում գնալ, եւ այլն, եւ այլն: Երիտասարդին օգնելու հետ կապված էլ հայտարարում էին, թե ես եմ դա կազմակերպել: Գիտեք, ես զարմանում եմ, թե մարդու ուղեղն ինչքան պետք է աշխատի, որ նման հայտարարություններ անի:

Դրա համար, ես հիմա այդ ամենը նորմալ եմ ընդունում: Նայում եմ այնպես, որ մարդիկ են, ցանկանում են կայանալ՝ թող կայանան, բայց իմ հաշվին չէ, թող իրենց հաշվին կայանան: Սա իմ աշխատանքն է, ու եթե ես ինձ համարում եմ փրկարար, նշանակում է՝ պետք է աշխատեմ որպես համար մեկ փրկարար տարբեր իրադարձությունների ժամանակ:

-Օրերս Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո կարծես թե ինչ-որ չափով լարվածության նվազում եղավ: Ըստ Ձեզ, այժմ անհրաժե՞շտ է շփման գիծ լրացուցիչ զորքեր ուղարկել:

-Բոլորս էլ գիտեինք, որ հանդիպումից հետո ավելի խախանդ կլինի իրավիճակը: Ես նորից եմ ուզում շեշետել, որ ՊՆ-ն 100 տոկոսով վերահսկում է սահմանը, բայց համագործակցությունը չի խանգարի: Այնպես չէ, որ ՀՀ ՊՆ-ն դա չի կարող անել, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է սահմանի հետ կապված մի գործառույթ իրականացնի: Ես միշտ էլ նշել եմ, որ ԱԻՆ-ը հայոց բանակի մի մասնիկն է:

-Պարոն Երիցյան, տեւական ժամանակ է, ինչ «լքել» եք ՕԵԿ-ը, այս ժամանակահատվածում հետեւե՞լ եք, թե ինչ գործունեություն է ծավալում ընդդիմադիր դարձած կուսակցությունը:

-Երեբեւիցե չի եղել այնպես, որ դուք թույլ տաք, որ ես մոռանամ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ասեմ, որ չի հետաքրքրում, դուրս եմ եկել կուսակցությունից ու իրենք իրենց ճանապարհն ունեն:

-ՕԵԿ-ը որոշել է հանրահավաքների միջոցով պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, գուցե Դուք էլ կարողանայիք այդ հարցում օգնություն ցուցաբերել Ձեր նախկին կուսակցությանը:

-Ես ընտրել եմ իմ ճանապարհը, ես ավելի շատ գործադիրում եմ ինձ տեսնում: Ես միտինգներից հեռու մարդ եմ, ես միշտ պայքարել եմ… իհարկե օրինական միտինգները օրենքով նախատեսված են, բայց անօրինական միտինգների, հավաքների դեմ միշտ ես եմ պայքարել, որպես ոստիկան, ու չեմ կարծում, որ ինձ կսազեր, որ ամբիոնից գնայի քարկոծեի, ասեի՝ սա այսպես չի, սա այնպես չի: Ավելի լավ է ես իմ աշխատանքով ապացուցեմ, որ կարող եմ իմ հայրենիքի համար ինչ-որ բան անել:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս