ՀԱՏՎԱԾԱՊԱՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վանաձոր այցելած «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը չափազանց ակտիվ կերպով  իր մարզային այցելությունները զուգորդում է կուսակցական քարոզչության հետ, հայտարարել է. «Գյուղնախարարը ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամ է, նախարարները քաղաքական պաշտոններ են, եւ նրանք պարտավոր են քարոզել իրենց կուսակցությունների օգտին»: Նկատենք, սակայն, որ քաղաքական պաշտոնն ու կուսակցական պաշտոնը տարբեր հասկացություններ են: Եվ եթե որեւէ մեկը նախարարական աթոռ է ստանում այս կամ այն կուսակցության քվոտայով, դա չի նշանակում, որ այդ նախարարությունը պետք է վերածվի  կոնկրետ այդ կուսակցության բոստանի: Մինչդեռ Ա. Բաղդասարյանի տրամաբանությամբ հենց այդպես էլ պետք է լինի: Ի դեպ, ԱԱԽՔ  Բաղդասարյանն առաջին անգամը չէ, որ հայտարարում է, որ  «Օրինաց երկրում» նախարարական պորտֆելներ ստացած անձինք  իրենց  պաշտոնական պարտականությունների կատարումից առավել ստիպված են կատարել կուսակցության, այսինքն` իր  հանձնարարականները: Նման գործելակերպը, սակայն, բնորոշ է ոչ միայն ՕԵԿ-ին: Իշխող կոալիցիայի բոլոր երեք անդամներն էլ մշտապես արել եւ անում են ամեն ինչ` իշխանական քվոտաներով իրենց բաժին ընկած պաշտոնները առավելագույնս ի շահ սեփական կուսակցության ծառայեցնելու համար: Եվ դրա արդյունքում արժեզրկվում է ոչ միայն  մեր երկրի պետական, այլեւ հենց կուսակցական համակարգը: Քանի որ, եթե  որեւէ նախարար, դիցուք, ՕԵԿ-ական է, այդ նախարարության բոլոր աշխատակիցները` պահակից սկսած, դառնում են ՕԵԿ-ական: Սակայն հերիք է, որ վերեւներում ինչ-որ բան փոխվի, եւ գա նոր` ասենք ՀՀԿ-ական նախարար, այդ նույն աշխատակիցների զգալի մասը` սկսած նույն պահակից, կայծակնային արագությամբ հրաժարվում են օրինաց երկիր կառուցելու վարդագույն երազանքից եւ  դառնում տարոնականության մոլի երկրպագուներ: Քաղաքական պաշտոնների ծայրահեղ կուսակցականացումը  երբեմն հանգեցնում է նաեւ դրանց  ազդեցության տիրույթի սահմանափակման: Օրինակ, երբ Երեւանի հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունում  է ՀՀԿ երիտասարդների, ակամայից սկսում ես մտածել, որ նա միայն ՀՀԿ-ականների քաղաքապետն է: Մինչդեռ մի ամբողջ երկրի մայրաքաղաքի ղեկավարը պետք է որ նույնքան ուշադրություն հատկացներ նաեւ այլ, ասենք` կոմունիստ երիտասարդներին (թեեւ դժվար թե կոմունիստների շարքերում երիտասարդներ լինեն):
Բայց ինչպես  հայտնի ասացվածքում է` ձուկը գլխից է հոտում: Սերժ Սարգսյանը, ով  ըստ հայտարարված ցուցանիշների, 2008-ին հավաքել է 52,82 տոկոս ձայն, ԱԺ գալիք ընտրություններում գլխավորում է Հանրապետական կուսակցության ցուցակը` այդպիսով, փաստորեն,  ընդունելով, որ ինքը ոչ թե տարբեր կուսակցությունների անդամակցող ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է, այլ ընդամենը Հանրապետական կուսակցության:




Լրահոս