ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ: Երեկ այդ շտաբի առաջին նիստն էր, որի բացումն արեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ օպերատիվ շտաբը ստեղծվել է ընտրությունների ընթացքը վերահսկելու համար:
Գասպարյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունն ընտրություններին լինելու է չեզոք դիրքում, եւ իրենց համար գոյություն չունի դիմություն կամ ընդդիմություն: Այնուհետեւ խոսքը փոխանցեց նիստի անդամներին եւ հեռացավ: Նիստի ընթացքում շտաբի անդամները` փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը եւ այլք, ներկայացրին ընտրացուցակների հետ կապված մտահոգությունները եւ թե ինչպես կարելի է ընտրացուցակներում եղած անճշտություններից խուսափել: Նման հանդիպումներ պարբերաբար լինելու են:
Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին:
-Պարո՛ն Պողոսյան, ինչո՞ւ է ոստիկանությունը նման կոպիտ սխալներ թույլ տալիս ընտրացուցակներում, ի վերջո, այդ սխալների պատճառով վարկաբեկվում է ոստիկանությունը:
-Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ոստիկանության վարկանիշը հատկապես վերջին շրջանում բարձրանում է: Իսկ ընտրացուցակների հետ կապված` ոստիկանության վարկանիշը չի ընկել, եւ մենք այսօր էլ խոսեցինք դրա մասին, եւ անձնագրային ու վիզաների վարչության պետը հանգամանալից բացատրել է: Ուրեմն ասեմ, որ հանրության օգնության շնորհիվ ընտրացուցակները պետք է թարմացվեն: Բնականաբար, այդ ընթացքում կլինեն տեխնիկական վրիպակներ, կլինեն այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկվեն: Բայց նշեմ, որ այս ամենը միմիայն ոստիկանության գործառույթը չէ, իհարկե, գործառույթը դրված է ոստիկանության վրա, ոստիկանությունն ամեն ինչ անելու է, որովհետեւ հանրապետության նախագահի պահանջն է, եւ հանրապետության ոստիկանության պետի մշտական հսկողության ներքո է լինելու, եւ հենց դրա համար էլ մեր օպերատիվ շտաբը ստեղծվել է: Ոստիկանության ողջ համակարգը ներգրավված է այս աշխատանքի մեջ: Հավատացա՛ծ եղեք, որ օրենքով սահմանված կարգով ընտրություններից երկու օր առաջ մենք ունենալու ենք ավելի լավ, ավելի ճշգրիտ ընտրացուցակներ:
-Արդեն արձանագրվել են մի քանի արտառոց դեպքեր, երբ, օրինակ, մի բնակարանի վրա 100 հոգի էր գրանցված, ոստիկանությունն արդյո՞ք կարող է դուրս գալ այս ամենի «տակից»:
-Իհարկե, ոստիկանությունն այս ամենի տակից պատվով է դուրս գալու, եղել են ընդամենը մի քանի օրինակներ, տեխնիկական վրիպակներ, նման ծավալի աշխատանքներում դրանք բնական են: Մենք նաեւ հայցում ենք բոլորի աջակցությունն այս գործում, այլ ոչ թե մեկ մասնավոր դեպք վերցնել եւ շահարկել: Նորից եմ ասում, եթե կա թերացում, ապա անձնական դաշտ է բերված եւ անպայման պատասխանատվություն է կրելու, իսկ եթե այդպիսին չկա, մենք փորձում ենք շատ արագ շտկել:
-Արդեն հայտնի է, որ ջավախահայերին բերում եւ գրանցում են Երեւանի տարբեր հասցեների վրա, որպեսզի նրանք եւս ընտրություններին մասնակցեն, ցուցակներում կան նաեւ «մեռած հոգիներ»: Այս ուղղությամբ կոնկրետ Դուք ի՞նչ եք անում:
-Նման բան չկա եւ չի կարող լինել, ջավախահայերի հետ կապված նման բան լինել չի կարող, անձնագրային եւ վիզաների վարչության պետն արդեն համապատասխան պարզաբանում տվել է` այդ ամենի հետ կապված: Քաղաքացին իրավունք ունի, այն օրինակով եմ ասում, որ 100 հոգին մեկ տան հասցեով էր գրանցված, թույլ տալ իր հասցեում գրանցել 100 հոգու, մենք ոչ մի բան անել չենք կարող դրա դեմ: Մենք շատ օպերատիվ ձեւով արձագանքեցինք նաեւ այդ խնդրին: Այսինքն` ոստիկանությունն օպերատիվ ձեւով ամեն ինչ անելու է կանխելու համար: Ջավախահայերի գրանցում չկա, եւ նման բան լինել չի կարող:
-Պարո՛ն Պողոսյան, իսկ Դուք` որպես ՀՀ քաղաքացի, արդեն որոշե՞լ եք, թե ում եք ընտրելու մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին, դիրքորոշում ունե՞ք:
-Իհարկե ունեմ դիրքորոշում, բայց իհարկե չեմ ասելու` ում եմ ընտրելու: Ոչ միայն ես ունեմ դիրքորոշում, այլեւ իմ ընտանիքը, իմ հարազատները: Ես չեմ ասի իմ դիրքորոշումը, որովհետեւ ոստիկանի համար առաջին հերթին, մասնավորապես ինձ համար, մեր գործառույթները պատվով իրականացնելն է: Մեր աշխատանքը համակարգելն է, որպեսզի ընտրություններն անցնեն առանց թերությունների, առանց միջադեպերի: Հաշվի առնելով նաեւ այն, որ նախընտրական այս փուլում բավականին շատ շահարկումներ եղան, ուղղակի նշեմ, որ մենք ցանկացած ահազանգի արձագանքում եւ ընթացք ենք տալիս:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս