«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սույն թվականի մարտի 29-ին արտառոց դեպք է գրանցվել Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Հայ հասարակությանն այս բժշկական կենտրոնն առավել հայտնի է «Բաբլոյանի հիվանդանոց» անվամբ, քանի որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին: Վերը նշված օրը տվյալ կենտրոնի բժիշկները մի հիվանդի երիկամների փոխպատվաստում պետք է անեին: Սակայն վիրահատությունը տեւել է ընդամենը 45 րոպե եւ անսպասելի ավարտ ունեցել. պարզվել է, որ դոնորը եւս երիկամների հետ կապված լուրջ խնդիր ունի:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ բժիշկները մի քանի օր շարունակ հետազոտել են թե՛ հիվանդին, թե՛ դոնորին, որի մոտ առողջական որեւէ խնդիր չեն հայտնաբերել: Սակայն վիրահատությունը սկսելուց հետո` մոտ 45 րոպե անց, բժիշկները հիվանդի հարազատներին տեղեկացրել են, որ դոնորը եւս երիկամների հետ կապված խնդիրներ ունի, եւ իրենք չեն կարող վիրահատությունը շարունակել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիվանդի հարազատները վրդովված են, վերջիններս անգամ խոստացել են բոլոր ատյաններում բողոքել, քանի որ նախքան վիրահատությունը բժիշկներն իրենց հավաստիացրել են, որ դոնորն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ պատրաստ է փոխպատվաստման: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանից եւ պարզել, թե ինչու երիկամների փոխպատվաստման պատրաստվող դոնորին անհրաժեշտ հետազոտությունների չեն ենթարկել` պարզելու համար, արդյոք նա ի վիճակի է նման վիրահատության:
ԱԺ պատգամավորը հաստատեց, որ նշված օրը նման չկայացած վիրահատություն է գրանցվել. «Այո՛, նման բան եղել է, բայց ոչ ոք չի բողոքել, ուղղակի այդ վիրահատության ընթացքում պարզաբանվել է մի բան, որը հետազոտությունները չեն պարզաբանել: Պարզվել է, որ երիկամն անիմաստ է տեղափոխել, որովհետեւ էֆեկտիվ չի լինի: Բոլոր տեսակի հետազոտությունները, որը կատարվել ա, դա ցույց չի տվել, եւ բժշկական պրակտիկայում դա կա, որ եթե հետազոտությունները դա ցույց չեն տվել, զուտ օպերացիոն հայտնաբերումը գնահատվում է որպես հետազոտության մաս»: Ըստ Բաբլոյանի` բժիշկներն ազնվորեն են վարվել: «Շատ ավելի անբարոյական կլիներ եւ ավելի անպարկեշտ, եթե այդ երիկամը պատվաստվեր եւ չաշխատեր այնքան ժամանակ, որ պետք է: Դոնորը բազմիցս ուսումնասիրվել է ե՛ւ այլ կենտրոններում, ե՛ւ մեր կենտրոնում, բայց որեւէ բան չի հայտնաբերվել: Հիմա մենք չենք կարող մեկ այլ մարդու առողջության հաշվին մյուսին բուժենք, շատ ավելի լավ է, որ մենք կարողացել ենք այդ ամենը հայտնաբերել վիրահատության հենց առաջին հատվածում»,-եզրափակեց Բաբլոյանը:
ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ ԲԱԲԼՈՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ