Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում օրեր առաջ հակառակորդի կողմից հնչած կրակոցների հետևանքով հացահատիկի հավաքման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր:
Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը, արդեն մի քանի օր է՝ կրակոցներ չեն հնչում, վիճակը բավականին խաղաղ է:
Այս հանգստությունն օգտագործելով՝ գյուղացիներն արդեն 2 օր է՝ սկսել են հացահատիկի հավաքն առավել վտանգավոր վայրերում:
«Էն ժամանակ որտեղ կրակոցներն ավելի շատ էին հնչում, այդ հատվածներում բերք չէինք կարողանում հավաքել: Արդեն որերորդ օրն է ՝ կրակոցներ չկան, ու 2 օր է՝ սկսել ենք վտանգավոր հատվածում հավաք կատարել: Եթե իրավիճակն այս կերպ պահպանվի 4-5 օրից կավարտենք»,- հայտնեց համայնքապետը:
Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հացահատիկի հավաքը բավականին ուշացրել են, ինչը կարող է բերքի կորուստների պատճառ դառնալ: Իսկ կրած վնասը, ըստ Ա. Ավալյանի, կկազմի ամենաշատը 20 %:
«Հնձի ժամանակ, երբ մեքենան սկսի աշխատել, հատիկներ կարող են թափվել, ու մոտավորապես 10-15 % կարող է լինի վնասը, ամենաշատը՝ 20: Բայց ամեն դեպքում դա մենք այնքան էլ չենք համարի կորուստ: Հիմա կարևորն այն է, որ հասցնենք եղածը հավաքենք»,- շարունակելով խոսքն՝ ասաց Մովսեսի համայնքապետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-25-մ ընկած ժամանակահատվածում մի շարք համայնքների ուղղությամբ կրակահերթ էր բացվել հակառակորդի կողմից, ինչի հետևանքով հացահատիկի բերքահավաքը դադարեցվել էր:
Համայնքապետերն Armlur.am-ին հայտնել էին, որ ուշ հավաքելու հետևանքով կարող են բերքի վնասներ կրել:
Նշենք նաև, որ որոշ համայնքներ դիմել էին ԿԽՄԿ-ին՝ միջամտելու և հակառակորդին հրադադարի կոչ անելու հարցով, որպեսզի հասցնեն բերքը հավաքել: Իսկ այն ժամանակ, երբ բերքահավաքին ներկա են եղել նաև Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, կրակոցներ են արձակվել նաև նրանց ուղղությամբ: