ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑՈՒՑԱԿԻ ՄԱՍԻՆ
Երեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Սոենկե Ցիշեյի եւ Դանիելա Մալիյանսկա Միտեւսկայի հետ: Նա շեշտել է, որ ՀՀ բնակչությունը նվազում է, սակայն ընտրացուցակներում քաղաքացիների թիվն ավելացել է: Իսկ թիվ 11 ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է որպես թեկնածու, մեկ բնակարանում գրանցվել են տասնյակ, երբեմն` հարյուրավոր գոյություն չունեցող ընտրողներ:

ԿՏԵՍՆԵՆՔ
Երեկ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանի` թիվ 7 ընտրատարածքից թեկնածությունը հանելու քայլին ի պատասխան`  նմանատիպ քայլ անել: Այդ կապակցությամբ  Արամ Մանուկյանը լրատվամիջոցներին չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ` ասելով. «No comment»: Իսկ Մանուկյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրված Զարուհի Փոստանջյանն էլ Aravot.am-ին ասել է. «Դա Արամ Մանուկյանի գործն է, ես իր տեղը չեմ կարող պատասխանել` ընդունակ է այդ քայլին, թե չէ: Ես չեմ ուզում նաեւ ասել, թե իմ շանսերը որքան են, Արամ Մանուկյանինը` որքան: Կտեսնենք»:

ՏԵՂԻ ԽՆԴԻ՞Ր ՉԷ
«Մենք գործադիրում ենք աշխատում, կարիք չկա, որ ցուցակում լինենք»,-ինքնաբացարկ գրելու իր դիմումն Aravot.am-ին այսպես է մեկնաբանել Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Նա ԲՀԿ համամասնական ցուցակի 62-րդ համարն էր: Դիտարկմանը` ցուցակում ընդգրկվելիս չգիտեի՞ք, որ գործադիրում եք աշխատում, մարզպետն արձագանքել է. «Մեր կուսակցության քաղխորհուրդն այդպես որոշեց»: ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմում ներկայացրած մյուս մարզպետը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն է, որը ցուցակի 60-րդ հորիզոնականում էր: Սերգեյ Բագրատյանը հավաստիացրել է,  որ ինքնաբացարկների պատճառը «տեղի խնդիր չէ»:

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց ՀՀ եւ ՌԴ միջեւ 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

ՕԵԿ  ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԱԾՆԵՐԸ
ԿԸՀ կայքում տեղադրվել է որոշումը, ըստ որի` մերժվել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 59-րդ համարում ընդգրկված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արամ Լեւուշի Հարությունյանի գրանցումը: Պատճառն այն է, որ ՕԵԿ-ը սխալ է ներկայացրել տվյալները: Ցուցակից հանված է նաեւ գործարար Գերասիմ Ալավերդյանի անունը, սակայն նրա վերաբերյալ որոշում ԿԸՀ կայքում չկա: Նա ՕԵԿ համամասնական ցուցակում 117-ն էր:




Լրահոս