Օգոստոսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ ԵԿ լրատվական ծառայությունը։
Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը բարձր գնահատեց հայ զինվորի ու Հայոց բանակի դերն ու նշանակությունը. «Թե´ հասարակության, թե՛ համապատասխան կառույցների կողմից լրացուցիչ ուշադրությունն անհրաժեշտ խթան կհանդիսանա ժամկետային զինծառայությունից չխուսափելու համար: Կգա մի ժամանակ, երբ զինծառայությունից խուսափած տղաների ընտանիքները ամոթահար իրենք էլ կկախեն ՀՀ պետական դրոշն իրենց պատուհաններից:
Ծրագիրը կնպաստի նաև հասարակության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ հատուկ ուշադրության ձևավորմանը: Իսկ մեր երիտասարդներն ամեն հարցում պատրաստակամ են օգնելու զինծառայողների ընտանիքներին, մինչ նրանց զավակները ծառայում են Հայոց բանակում»:
Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը. «Այս միջոցառումը կարևոր է այն առումով, որ մարդիկ, տեսնելով այն բնակարանները, որտեղից ծածանվում են ՀՀ պետական դրոշները, կհասկանան, որ այդ օջախներից զինծառայողներ կան բանակում, և այդ օջախների նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի համապատասխան մարմինների ու կառույցների կողմից»:
Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը ողջունեց զինծառայողների ընտանիքներին և շնորհակալություն հայտնեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է հենց Ավան վարչական շրջանից:
Միջոցառման վերջում ցուցադրվեց հոլովակ, որում զինծառայողները ողջունում են իրենց ծնողներին և ընտանիքի անդամներին:
Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ծրագրի շրջանակները կընդլայնվեն, ու ՀՀ պետական դրոշները կծածանվեն հանրապետության բոլոր այն ընտանիքներում, որտեղ հայ զինվոր կա: Տեղեկատվության Ճիշտ և թիրախային տարածման շնորհիվ քաղաքացիների համար հասկանալի և ճանաչելի կդառնա պատուհանից ծածանվող դրոշի խորհուրդը, և դա կդառնա բարի ավանդույթ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները խոստացան ցանկացած հարցում մշտապես օգնել և աջակցել հայրենիքի հանդեպ պարտքը կատարող զինծառայողների ընտանիքներին։