Վլադիմիր Գասպարյանի հեռանալուց հետո ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի խնդիրը անընդհատ դառնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար գլխացավանք: Այլ կերպ ասած՝ ՊՆ-ի վրա ռազմական ոստիկանապետ «չի գալիս»:
Անցած տարվա դեկտեմբերի 23-ին աշխատանքից ազատվեց ՀՀ ռազմական ոստիկանապետ Արամ Տեր-Սահակյանը, որից հայոց բանակում դժգոհում էին, թե չի հաճախում աշխատանքի, ամեն օր քեֆ-ուրախության մեջ է, եւ նրա կեցվածքը հարիր չէ ռազմական ոստիկանապետի կերպարին: Երկար պայքարից ու վարկաբեկիչ տեղեկատվական արտահոսքից հետո Տեր-Սահակյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
Նրա փոխարեն նշանակվեց ՀՀ ՊՆ վերահսկողության վարչության պետ Արմեն Սահակյանը, որին ՊՆ-ում համարում էին նորմալ մարդ, պրոֆեսիոնալ եւ բանակի խնդիրներին տիրապետող անձնավորություն: Շատ չանցած, սակայն, Սահակյանը դարձավ բոլորի համար անտանելի, չընդունված կերպար: Ըստ հրապարակ նետված լուրերի՝ զինվոր է ծեծել, ուղարկել արձակուրդ եւ այլն:
Երեկ էլ խոսվում էր, թե Արմեն Սահակյանը ցուցադրաբար շրջել է մի քանի «Ձիփ»-երով` փորձելով այդ կերպ նմանվել Վլադիմիր Գասպարյանին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հատկապես զայրացրել է այն, որ գնդապետ Սահակյանը մեքենաների այդ շարասյուներով շրջել է նաեւ զորամասերում: Նույն լուրերի համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետը մի շարք զորամասերի հրամանատարների վրա «նալոգ է դրել»: Իսկ շատ-շատերի հետ գործարքներ արել` զորամասերում թաքցված հանցագործությունների դիմաց զինվորներին «արձակուրդ» ձեւակերպելու հարցում:
Արմեն Սահակյանին են վերագրվում նաեւ մի շարք պաշտոնատար անձանց որդիների «արտոնյալ» ծառայության ամոթալի դեպքերը: Ըստ ՊՆ-ից սպրդած լուրերի՝ Սահակյանը, զորամասերի հրամանատարների հետ համաձայնեցնելով, «լավ հայրիկների» որդիներին ծառայության է ուղարկել հարազատ տուն: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում զորակոչի խնդիր կա:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ-ում օրերս հայտարարել է, որ եթե իր երեխաները բանակում ծառայում են, ապա որեւէ մեկը չի կարող արտոնյալ լինել, ինչի համար էլ ռազմական ոստիկանապետը ազատվել է աշխատանքից:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ ռազմական նախկին ոստիկանապետ Արմեն Սահակյանից մեկնաբանություններ ստանալ, սակայն նրան գտնել չհաջողվեց: Հեռախոսահամարներն անհասանելի էին, ընկերներն էլ խուսափեցին «միջնորդ» դառնալ: Դրա համար էլ ներկայացվել է միայն այն տեղեկությունը, որը տրամադրվել է ՊՆ-ին մոտ կանգնած խողովակների միջոցով: Թե ինչ կասի ինքը` ՌՈ նախկին պետը, դժվար է ենթադրել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը կփորձի պարզաբանել, թե ինչու են Հայաստանում մի քանի ամիսը մեկ ռազմական ոստիկանապետ փոխում:
Հիմա դառնանք հարցի պաշտոնական մասին. թեեւ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնը առանցքային նշանակություն ունի, այնուամենայնիվ, մինչ օրս որեւէ պաշտոնական պարզաբանում չի տրվել, թե ինչու է աշխատանքից ազատվել ՌՈ պետը: Բանակային մյուս փոխատեղումների ու ազատումների մասին դեռ չենք խոսում:
Այս երեւույթը խոսում է Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում ստեղծված անպատասխանատվության մթնոլորտի մասին: ՀՀ պաշտոնյաները հաշվետու չեն հասարակությանը: Սա նշանակում է, որ կարող են, անձնական «սիմպատիաներից» ելնելով, պաշտոնափոխություններ անել: Եւ այս համատեքստում ամենեւին էլ չափազանցված չեն այն լուրերը, որ իրականում Սեյրան Օհանյանը Արմեն Սահակյանին ազատել է պաշտոնից, քանի որ վերջինս իրեն չի զեկուցել բանակային անցուդարձի մասին եւ վերջերս էլ պատշաճ կերպով չի դիմավորել պաշտպանության նախարարին:
Ի դեպ, մինչ օրս պաշտոնապես չի պարզաբանվել նաեւ, թե ինչու է աշխատանքից ազատվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանը (Գել):
Հ.Գ. Henaran.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանը շուտով ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու: Նախքան ՊՊԳՎ-ի պետ նշանակվելը, Մկրտումյանը ՊՆ Երեւանի ռազմական ոստիկանության պետն էր:
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆԻ ՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ