ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ երեկ՝ ժամը 13.30-ի սահմաններում, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Սարգիս Նազարեթյանին եւ Գոռ Խաչատրյանին: Վերջիններս մորաքրոջ տղաներ են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հենց ճեմասրահում ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատակիցներն են դանակահարել ուսանողներին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Թե ինչից է առաջացել վեճը, երեկ պարզաբանվեց հենց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից:
Ռեկտորի ներկայացմամբ՝ այդ ընդհարումը 1 օրվա պատմություն չէ, այն էպիզոդներ է ունեցել: «Ասում են, որ իբր մի կողմի աղջկա հետ խոսակցություն է եղել: Նա էլ, երեւի, զանգել է իր ծանոթ բարեկամներին, ինչն էլ վեճի առիթ է հանդիսացել: Մինչեւ քննչական մարմինները չպարզեն ամեն ինչ, ես դժվարանում եմ ինչ-որ բան ասել»,-երեկ մի շարք կայքերի հայտնել է Արամ Սիմոնյանը` ավելացնելով, որ իրենց հետաքրքրում է ուսանողների առողջական վիճակը: Ըստ Սիմոնյանի՝ Սարգիսը բարձր առաջադիմությամբ ուսանող է:
Արամ Սիմոնյանի փոխանցմամբ՝ վերջիններիս արդեն վիրահատել են. «Սարգիս Նազարեթյանի վերքն ավելի ծանր է, որը ստացել է լյարդի շրջանում: Կյանքին վտանգ չի սպառնում, բայց բժշկական հսկողության տակ է: Իսկ Գոռ Խաչատրյանը մոտավորապես նույն շրջանում է վնասվածքը ստացել, բայց նրա լյարդը չի վնասվել, եւ վիճակը համեմատաբար լավ է: Քիչ առաջ դեկանը զանգ տվեց, ասաց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Սարգիսին տարել են վերակենդանացման բաժանմունք, իսկ Գոռին` պալատ»:
Հարցին, թե մյուս կողմի երիտասարդները եւս ԵՊՀ ուսանողներ են, Ա. Սիմոնյանն ասել է. «Մյուս կողմի ներկայացուցիչները փախած են, չկան, եւ մեղավոր մարդկանց շրջանակը դեռ չի երեւում: Իսկ Սարգիսը մինչեւ չարթնանա, չեն կարող հասկանալ, թե ինչն է եղել պատճառը»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս