Ով պետք է պատասխան տա Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհի բռնկման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին Տավուշի ջրամբարից ներքեւ գտնվող տարածքում, Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհ էր բռնկվել: Այդտեղ է գտնվում մոտ 70 հա այգի: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Վերին Կարմիրաղբյուր եւ Տավուշ գյուղերի բնակիչները, փրկարարները պայքարել են հրդեհը մարելու համար, որոշ տեղերում էլ՝ կրակը հասնելով ճանապարհին՝ ինքնին է մարվել:

Գյուղապետի վկայությամբ՝ հրդեհից ոչնչացել է Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին պատկանող եւ այդ համայնքի պահուստային սեփականություն հանդիսացող 12 հա խաղողի եւ պտղատու այգի. «Այգիներ կան, որ գյուղացիները 3-4 տարի առաջ էին հիմնել, դրանք այս տարի առաջին անգամ բերք պիտի տային, բայց ոչնչացել են»:

Նա ասաց, որ Եղվարդից շինարարական մի կազմակերպություն տեխնիկապես սարքին, սակայն ներկայում չգործող ջրագծի խողովակները ապամոնտաժել է այգում՝ առանց պահպանելու անվտանգության կանոնները: Եռակցման սարքից թռած կայծերը դիպչելով չոր, չհնձված խոտին՝ հրդեհ են առաջացրել:

Ըստ գյուղապետի՝ այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չունի եւ նոր է միայն դիմել այն ստանալու համար: Կ. Չոբանյանը չգիտի, թե սարքին ջրագծի ապամոնտաժված խողովակները ո՞ւր են տանելու. «Ոմանք ասում են՝ Տավուշ գյուղի ջրագծի շարունակությունն են կառուցելու, ուրիշներն էլ ասում են՝ Արմավիր են տանելու»:

Կ. Չոբանյանի կարծիքով՝ այդ խողովակները տարածքից տեղափոխելու էին, սակայն հրդեհից հետո արդարանում են, թե այդ խողովակներով Տավուշի ջրագծի շարունակությունն էին կառուցելու: Նրա խոսքերով՝ Տավուշի ջրագծում շատ քիչ քանակությամբ ջուր է լինում, եւ դրա շարունակությունը կառուցելու անհրաժեշտություն չկա:

Շինարարական կազմակերպության, ոռոգման ձեռնարկության աշխատողները օգոստոսի 8-ին եղել են հրդեհված այգում: Տավուշի մարզային հրշեջ տեսչության պետի տեղակալ Արտակ Մեջինյանն ասաց, որ հրդեհի հետ կապված նյութերն օգոստոսի 11-ին իրենք ուղարկելու են ոստիկանության Բերդի բաժին, որպեսզի քննություն կատարվի: Նրա խոսքերով՝ հրդեհների վերաբերյալ նյութերը ոստիկանություն են ուղարկվում, եթե դրանց մեջ հանցակազմ կա:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը հայտնեց, որ ինքը դեռեւս չգիտի, թե ովքեր են կանգնած Եղվարդի շինարարական կազմակերպության թիկունքում, սակայն հետամուտ է լինելու, որպեսզի հրդեհի պատճառած նյութական մեծ վնասը մեղավորները հատուցեն: «Եթե հարկ լինի, այդ հարցով երկրի նախագահին էլ կդիմեմ»:- նշեց գյուղապետը:

Անկախ այն բանից` կհատուցի ընկերությունը գյուղացիներին, թե ոչ, հարց է ծագում. առաց շինարարական թույլտվության, ո՞ւմ հովանավորչությամբ է շինարարական կազմակերպությունը տեխնիկապես սարքին ջրագծի ապամոնտաժման աշխատանքներ կատարել:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս