Բռնաբարության մեջ կասկածվող դատավորի որդին ջրից չոր դուրս եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդու անվան շուրջ ծագած միջադեպը 7 ամիս տեւած քննությունից հետո անակնկալ հանգուցալուծում է ստացել: Դատավորի որդին, ով կասկածվում էր բռնաբարության մեջ, ջրից չոր դուրս եկավ, իսկ նրա դեմ բողոքող աղջիկը դատապարտվեց ազատազրկման:

Այս տարվա հունվարի 8-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակիչ 32-ամյա Մարիամ Մանուկյանը դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ 25-ից 30 տարեկան Արման Գրիգորյանը Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ավելի ուշ պարզվել էր, որ Արման Գրիգորյանը «Նուբարաշեն» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ վարչության (ԶԱԳՍ) պետ Մարիամ Մինասյանի որդին է:

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե սա ուղղորդված գործ է եւ այդ կնոջն ուղարկել են իրենցից շորթում կատարելու: «Դուք հավատո՞ւմ եք, որ ռեստորանի տերը եւ դատավորի որդին պետք է նրա վզից ցեպ հափշտակի: Գնացել է իր հաճույքների համար, իմ տղան օբյեկտով փող է աշխատում, ազնվագույն երեխա է, ջահելությունը օգտագործել է, հիմարություն է արել, գնացել է»,- ասել էր նա:

Դատավորի խոսքով՝ տղան հորը պատմել էր, թե այդ կինը եկել էր որպես մատուցող աշխատանքի ընդունվելու համար: Իրենք այդ օրը ընկերներով հաց էին կերել, կինը նստել էր իր որդու ծնկներին, գայթակղել, «մարմնի տարբեր մասերին ձեռք գցել»: Ավելին՝ դատավորը նաեւ ասել էր, թե ինքը չի միջամտի գործին, «իրավաբան տղա է, թող գնա մինչեւ վերջ այդ դառը բաժակը խմի»:

Ու մինչ դատավորը արդարացնում էր իր որդու արարքը, ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ՙԲռնաբարություն, որը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով՚):

Շուրջ 7 ամիս քննությունից հետո այս գործը շրջադարձային ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 3-ին սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրվել Մարիամ Մանուկյանին: Գործն ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ըստ դատավաճռի` Մարիամը քննչական բաժնում ասել է, թե իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, որից հետո անկեղծորեն զղջացել է:

Ավելին՝ հունվարի 9-ին ոստիկանությունում բացատրություն տալու ընթացքում նա գծեր է քաշել իր կողմից գրված բացատրության արձանագրության վրա եւ առանց որեւէ պատճառաբանության լքել քննիչի աշխատասենյակը:

Նշենք, որ բարձրագույն կրթություն ստացած, ամուսնալուծված այս աղջկա խնամքին են գտնվում անչափահաս դուստրը՝ Անի Մանուկյանը, եւ 70-ամա մայրը՝ Դոնարա Բաղդասարյանը:

Արագացված դատաքննությամբ հուլիսի 31-ին դատարանը Մարիամին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (ՙՀանցագործության մասին սուտ մատնություն՚) եւ որպես պատիժ սահմանել ազատազրկում` 6 ամիս ժամկետով:

Մինչ այդ նկատենք, որ սա Վլադիմիր Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի անվան շուրջ միակ աղմկահարույց պատմությունը չէ: 2013թ. օգոստոսի 11-ին «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ ավելի ուշ հնչել էին կրակոցներ: Այս ռեստորանի սեփականատերն էլ ոչ ավել ոչ պակաս նույն Արմանն է:

Փաստորեն, դատավորի որդին այդպես էլ «դառը բաժակից չխմեց:

Քնար Մանուկյան




Լրահոս