ԹԱՄԱՐՆ ԱՐԴԵՆ «ՍԻՐԵԿԱՆ» ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 1 տարի առաջ, երբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած հակամարտության արդյունքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն, նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը հայտնվեց «խաղից դուրս» վիճակում, վերջինս հայտարարեց, որ ինքը չունի հզոր հովանավորներ կամ էլ ունեւոր սիրեկան, որպեսզի կարողանա ներգրավվել քաղաքական կյանքում, դառնալ պատգամավոր կամ էլ նոր պաշտոն ստանձնել:
Հիմա սառույցը շարժվել է, Թ. Պողոսյանը, դառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականը, ընդգրկվել է այդ կուսակցության համամասնական ցուցակում: Եւ այն էլ` անցողիկ համարվող հորիզոնականում: Կարո՞ղ ենք, արդյոք, շնորհավորել Թ. Պողոսյանին, որ հովանավոր է հայտնվել կամ էլ գտնվել է մի տղամարդ, ով սիրահարվել է նրան… Իհարկե, եթե սիրահարվածությունն ընդգրկենք քաղաքական կատեգորիաների շարքում, կարող ենք ասել, որ Թամարի կյանքում «քաղաքական սիրեկան» է հայտնվել` ի դեմս ԲՀԿ-ի: 1 տարի առաջ հրաժարական տալով հիմնադրամի տնօրենի պաշտոնից` Թամարն օգտագործեց պոպուլիզմի բոլոր կանոնները` այսպես կամենալով սրբանալ: Ինչպես ասում են` հեռանալուց առաջ շրխկացնելով դռները: Տիկին Պողոսյանն, իհարկե, դռներ չջարդեց, բայց իր հեռանալուց առաջ ասուլիս հրավիրեց, որի ընթացքում հայտարարեց. «Այսօր իմ հրաժարականի ամբողջ փաթեթը կներկայացվի վարչապետին»: Թե ինչու պիտի հիմնադրամի տնօրենի հրաժարականի փաթեթը վարչապետին ներկայացվի, ոչ ոք չհասկացավ. մի՞թե հիմնադրամի տնօրենը կառավարության անդամ է եւ կամ կառավարության մաս կազմող ենթակառուցվածքի ղեկավար…
Ինչպես խոստովանեց տիկին Պողոսյանը, ինքը հաջողության չի հասել, դրա համար էլ որոշել է աննպատակահարմար ճանաչել իր հետագա համագործակցությունը: Ուշադրություն դարձնենք. ոչ թե հեռանում է, որովհետեւ բացահայտվել են ինքնիրավչության, պետական միջոցների փոշիացման փաստերը, այլ որովհետեւ ինքը նպատակահարմար չի գտել… Այստեղ եւս Թամար Պողոսյանն օրիգինալ է եւ բացառիկ: «Եթե ես, ներքին խոհանոցի մարդ լինելով, չկարողացա լուծել իմ խնդիրները, պատկերացնում եմ, թե ինչպիսին է շարքային քաղաքացիների վիճակը»,-հայտարարեց արդեն նախկին տնօրենը: Հետաքրքիր է, որ նա հիշեց շարքային քաղաքացիներին: Իսկ ինքը, իր քույրը, հիմնադրամի գեղարվեստական ղեկավարը շարքային քաղաքացիներ չէին, որովհետեւ նրանք 7 օրվա համար ստանում էին այնքան հավելավճար, որքան կազմում է ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատող գիտության դոկտորի 2 տարվա աշխատավարձը: ՀՀ շարքային քաղաքացին իրեն թույլ չէր տա խախտել հիմնադրամների մասին օրենքն ու որոշել սեփական աշխատավարձի ու հավելավճարի չափերը: Իսկ Թ. Պողոսյանն իրեն թույլ է տվել: Նա նաեւ իրեն թույլ է տվել բազմաթիվ այլ խախտումներ, որոնց մասին տեւական ժամանակ լռել են բոլոր նրանք, ովքեր պարտավոր էին ստուգումներ կատարել հիմնադրամում եւ բացահայտել նրա անպտուղ գործունեությունը:
Հեռանալով Թամար Պողոսյանը հայտարարեց, որ ինքն այժմ չի մտածում իր հետագա գործունեության մասին, քանի որ կամենում է հանգստանալ, իսկ հետո ամեն ինչի մասին տեղյակ կպահի հանրությանը: Իհարկե, Թ. Պողոսյանն այդ ժամանակ չիրազեկեց կարեւորի մասին, որը մենք ներկայացնում ենք չափազանց համառոտ տեսքով. «Հանրության ուշադրությունը սեւեռելով Սփյուռքի նախարարության կողմից իբր թույլ տրված ապօրինություններին` Թ. Պողոսյանը մինչ օրս չի կամեցել լրատվամիջոցներին ծանոթացնել 2010թ. դեկտեմբերին հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշմանը, մինչդեռ այդ որոշումը հստակեցնում է իրականությունը եւ ցույց տալիս, որ նախկին տնօրենը բացահայտորեն ստում եւ աղավաղում է փաստերը: 2010թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է 2011թ. ՀՀ պետական բյուջեով «Տարածքային համագործակցության եւ համահայկական մշակութային ծրագրերի իրականացման համար նախատեսված 18,6 մլն դրամը նախորդ տարիների նման ամբողջությամբ չհատկացնել հիմնադրամի պահպանման ծախսերին, այլ վարչական ծախսերի կրճատման հաշվին այդ գումարից 12,7 մլն դրամը տրամադրել թվով 12 մշակութային ծրագրերի իրականացման` համահայկական հասարակական կազմակերպություններին եւ ընկերակցությունների հետ մեկտեղ` որպես մասնակի աջակցություն, նրանց կողմից անցկացվելիք մշակութային միջոցառումներին, իսկ մնացած 5,9 մլն դրամ գումարը հատկացվել է հիմնադրամին` որպես վարչակառավարչական տարեկան ծախսեր, այդ թվում` որպես պահպանման ծախսեր` 1,6 մլն դրամ, աշխատավարձ` 3,7 մլն դրամ, եւ աուդիտ իրականացնելու համար` 600.000 դրամ: Միաժամանակ հանձնարարվել է հիմնադրամի գործադիր տնօրենին առաջարկվող նոր հատկացվող գումարների սահմաններում հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի կառուցվածքի նոր տարբերակ եւ հաստիքացուցակ… Հանձնարարականը գործադիր տնօրենի կողմից 23.02.2011թ. դրությամբ չի կատարվել «հիվանդության» պատճառաբանությամբ, սահմանված գումարի չափաքանակներով հիմնադրամի գործառույթներն իրականացնելու անհնարինության, ինչպես նաեւ հավանական կրճատվող աշխատակիցներին վերջնահաշվարկ վճարելու եւ այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի խախտումներ չկատարելու պատճառաբանությամբ, ինչն արձանագրել է նաեւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը»:
Շուրջ 1 տարի լռելուց հետո Պողոսյանը շուտով` ընտրարշավի ժամանակ, կսկսի խոսել` հավանաբար խոստանալով կառուցել արդեն ոչ թե օրինաց, այլ բարգավաճ ու ապահով երկիր: Նա, իհարկե, չի հիշատակի իր մսխած գումարների մասին, չի խոսի նաեւ այս ժամանակաշրջանում իր իրականացրած մշակութային ծրագրերի մասին: Միայն բոցաշունչ ճառեր կասի: Սպասենք Թամարի պերճախոսության հերթական հանդեսներին:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս