Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, ով դատապարտվել է ընկերոջ հորը թունավորելու փորձի համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն այս գործով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Վարդանյանի կարծիքով՝ իր դեմ առաջադրված մեղադրանքը եւ ազատազրկման դատավճիռը «ոտքից գլուխ ախմախություն է»: «Վստահ եմ, որ ՄԻԵԴ-ն այս գործում արդարացի որոշում կընդունի»,- ասաց նա: Արկադի Վարդանյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հետ զրույցում նա պնդեց, թե իր առողջական վիճակը ՔԿՀ-ում գնալով մտահոգիչ է դառնում: Նա նույնիսկ նամակներ է գրել Արդարադատության նախարարությանը, որպեսզի Վանաձորից իրեն տեղափոխեն «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն իր խնդրանքը հաշվի չեն առել:
«Արդարադատության նախարարությունից ինձ այնպիսի մի անիմաստ պատասխան են տվել, որ ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու չեն ցանկանում ինձ տեղափոխել «Կոշ» ՔԿՀ: ՄԻՊ Էլ էի դիմել, որ հաշվի առնեն իմ պահանջը, բայց մինչ օրս որեւէ պատասխան չկա:
«Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նպատակը մեկն է. որ ես մնամ այս փակ ռեժիմով խցում եւ մինչեւ Եվրադատարան սաղսալամաթ չհասնեմ: Այսպիսի մոտեցումն իմ նկատմամբ ադրբեջանցի գեներալի ստորությունից ոչնչով չի տարբերվում»,- ասաց նա: Վարդանյանի խոսքերով՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում իրեն պահում են փակ ռեժիմում, մինչդեռ` առողջական վիճակը պահանջում է տեղափոխել բաց ռեժիմ. Արկադի Վարդանյանի մոտ սրտանոթային լուրջ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ 2000թ.-ից Արկադի Վարդանյանն ակտիվ հանրահավաքային շարժում սկսեց Հայաստանում: Սակայն որոշ ժամանակ անց իշխանությունների հարկադրանքով ստիպված էր լքել երկիրը: 13 տարի անց Վարդանյանը կրկին հայտնվել էր Ազատության հրապարակում, բայց այս անգամ ոչ թե ինքն էր հանրահավաքների կիզակետում, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին էր սատարում: Հետո հայտնվեց կալանավայրում` իր ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հորը թունավորելու փորձ կատարելու համար՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Քնար Մանուկյան