Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա տիրող իրավիճակը հանգիստ է: Ու անգամ այժմ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ լարվածություն չի էլ եղել:
-Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված մթնոլորտ է, որին Դուք անձամբ եք հետեւել սահմանային գծում: Խնդրում եմ ասեք՝ այժմ շփման գծում ի՞նչ վիճակ է տիրում, արդյո՞ք նույն ինտենսիվությամբ հնչում են կրակոցները:
-Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն համեմատած այս օրերին, այլեւ մյուս ժամանակներին սահմանում տիրող իրավիճակի հետ, այժմ շատ հանգիստ իրավիճակ է:
-Այսինքն` ընդհանրապես կրակոցներ չկա՞ն:
-Շատ քիչ են, ու դա չի կարելի համարել կրակոցներ, շատ հատուկենտ՝ դա էլ անկանոն ու երեւի ոչ հատուկ նպատակներով:
-Կարելի՞ է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը:
-Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո՛, այն իր արդյունքը տվել է, բայց նաեւ մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել:
-Տեսակետ կա, որ ներկայիս դադարը ժամանակավոր է, եւ կարճ ժամանակ անց Ադրբեջանը կվերադառնա իր ապակառուցողական եւ սադրիչ գործելաոճին, քանի որ Ադրբեջանի իշխանություններն անգամ Սոչիից հետո շարունակում են խոսել «Հայաստանը վերացնելու» մասին: Վերջին նման հոխորտանքը Ադրբեջանի ՊՆախարարի արձագանքն էր Սերժ Սարգսյանի` բալիստիկ հրթիռների մասին հիշատակությանը: Անգամ նշվում է, որ հոկտեմբերին կրկին սահմանի վրա իրավիճակը լարվելու է: Ձեր գնահատմամբ` նման վտանգ կա՞:
-Մեր պաշտպանության բանակն ամեն օր ու ամեն վայրկյան սպասում է նոր լարումների ու պատրաստ է ցանկացած պահի կարգավորել դրանք: Բազմաթիվ անգամ նշել ենք, որ մեր խաղաղությունը կախված է հայոց բանակի մարտունակությունից: Վերջին դեպքերն ապացուցեցին, թե այն որքան հզոր, ամուր ու մարտունակ է:
-Շփման գծում լարված օրերին շատերը սահմանային գոտի մեկնեցին, որոշներն էլ հայտարարեցին, որ իրենք եւս պատրաստ են բանակի կողքին լինել: Ձեր կարծիքովª բանակն այսօր ի վիճակի չէ՞ «միայնակ» պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ, արդյոք կա՞ նման աջակցող ջոկատների կարիքը սահմանին:
-Ես միանշանակ կարող եմ հայտարարել, որ հակահարվածը տրվել է միայն բանակի անձնակազմի՝ հիմնականում ժամկետային զինծառայողների կողմից: Այսինքնª պաշտպանության բանակը ֆիզիկապես այդ ամենի կարիքը չէր զգում (իհարկե, ամենածանր իրավիճակում անհրաժեշտ է լինելու պահեստազորը եւս ներգրավվել), բայց սա ավելի շատ նախկին ֆիդայիների, ազատամարտիկների եւ, ինչու չէ, վերջին տարիներին բանակում ծառայած մեր հայրենակիցների ցանկությունն էր` բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել դիրքերում կանգնած զինվորին, ինչպես նաեւ ցույց տալ թիկունքի ամրությունը:
-Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ոչ մի կերպ չի ազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վրա. «Հայաստանը միանում է միությանը որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի դրա հետ, ինչի մասին մի քանի անգամ եւ հրապարակայնորեն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը», – նշել էր Լավրովը: Նման հայտարարությանը ինչպե՞ս է վերաբերվում Արցախը:
-Համոզված եմ, որ ԼՂՀ-ն այդ դեպքում որեւէ խնդրի առաջ չի կանգնելու, եւ պահպանվելու է իրավաքաղաքական առկա իրավիճակը: Դրա մասին, ինչպես տեսնում եք, վկայում են նշյալ բարձր մակարդակի հայտարարությունները:
-Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր նաեւ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորման հարցը, սակայն Վ. Պուտինը նշել էր, թե ինքը ծանոթ չէ Լ. Հայրապետյանին ու նրան առնչվող քրեական գործին` վստահեցնելով, որ կհանձնարարի գործին ծանոթանալ: Ի՞նչ եք կարծում, Վ. Պուտինի միջամտությունից հետո որեւէ բան կփոխվի:
-Մենք սպասում ենք դրական փոփոխությունների, սակայն պետք է սպասել դատավարությանը, դրանից ամեն ինչ պարզ կլինի: Համոզված եմ, որ ՀՀ նախագահի միջնորդությունն իր դրական ազդեցությունը կունենա գործի վրա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ