Տավուշի մարզում գյուղացիները շարունակում են դաշտերն այրել: Սակայն ո՛չ համայնքների ղեկավարները, ո՛չ պետական կառույցների աշխատողները եւ ո՛չ էլ համագյուղացիները չեն բռնում դաշտերը հրկիզողների ձեռքը: Չորացած խոտի, թփերի ու ծառերի հետ այրվում, ոչնչանում են նաեւ այդ տարածքի կենդանիների բները: Գյուղացիները դաշտերը հրդեհում են` ակնկալելով լավ բերք ստանալ, նաեւ անասունների համար թարմ, կանաչ խոտով արոտավայրեր ունենալ: Ապրիլի երկուսին` ժ. 16-ի սահմաններում, այրվում էին Սեւքար գյուղի մերձակա բարձունքների չոր խոտն ու թփուտները: Նույն ժամին Սարի գյուղի տարածքում` միջպետական ճանապարհի եզրին, մի գյուղացի այրել էր իր դաշտը եւ անխռով հետեւում էր կրակի տարածմանը: Ապրիլի 3-ին` օրվա երկրորդ կեսին, վառվում էին Հաղթանակ գյուղի` Վրաստանին սահմանակից տարածքները: Փաստորեն, Տավուշի մարզի համայնքապետարանների կողմից ոչինչ չի արվում գյուղացիների շրջանում հակահրդեհային բացատրական աշխատանքներ իրականացնելու համար: Տավուշի մարզային հակահրդեհային տեսչությունը բացատրական ինչ-ինչ աշխատանքներ կատարում է, սակայն այս առումով տեսչության հնարավորությունները սուղ են: Կրակը հեշտ է վառել, բայց դժվար` հանգցնել, քամու առկայության դեպքում հրո ճարակ է դառնում ամեն ինչ: Ավելի դյուրին է հրդեհը կանխարգելելը, քան դրա հետեւանքները վերացնելը: Սակայն Տավուշի մարզում հրդեհների կանխարգելման, հրկիզողներին պատասխանատվության ենթարկելու հարցում տեր չկա: Օրերը տաքանալու հետ իրավիճակն ավելի է բարդանալու:
Ո՞Վ Է ՏԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ