Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 2012թ. մարտի 24-ին թիվ 36-Ա որոշմամբ, մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը, «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակել նույն դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հարություն Ալավերդյանին եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Ոսկեպարի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, պատմության ուսուցիչ Նվեր Բեգլարյանն ասում է, որ մարզպետի որոշումն անօրինական է, քանի որ Հարություն Ալավերդյանը դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, ուստի դա «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման խախտում է: Պարզաբանման համար դիմեցինք Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին: Նա ասաց, որ Հարություն Ալավերդյանը դպրոցի կառավարման խորհրդի կազմից դուրս գալու համար դիմում է գրել: Սակայն փաստն այն է, որ դպրոցի կառավարման խորհուրդն այդ առթիվ նիստ չի գումարել, եւ Հ. Ալավերդյանը դեռեւս դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է: 12 տարի որպես մարզպետ պաշտոնավարող Արմեն Ղուլարյանը պիտի որ իմանար մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը:
ՄԱՐԶՊԵՏԸ ՉԳԻՏԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ