«Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԿՅԱՆՔԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան-հումորիստ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ԱՐՄՈՒՇԻ հետ զրույցում պարզ դարձավ, թե ինչպիսի քաղաքացի է նա ու ինչու մինչեւ հիմա չի հեռանում հայրենիքից:
-Սիրում եմ իմ քաղաքը: Կարող եմ ասել, որ ես Երեւանի ամենավառ քաղաքացիներից եմ: Ծնողներս երկար տարիներ բնակվում են ԱՄՆ-ում, բայց ես չեմ գնում: Մնում եմ, որովհետեւ այս երկրում անելիք ունեմ, թե՛ իմ աշխատանքի միջոցով, թե՛ հումորի փորձում եմ ուրախություն պրոպագանդել, որ մարդիկ միմյանց ժպտան: Մեր քաղաքում մռայլ դեմքեր շատ կան: Դա նկատում ես, երբ բացակայում ես քաղաքից, հետո վերադառնում ու  տեսնում, որ դրսում բոլորը ժպտում են իրար` անկախ նրանից, թե դու ով ես: Քեզ հարց ես տալիս. իսկ ինչո՞ւ մենք էդպես չենք վարվում:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են մեր քաղաքացիներն այդքան մռայլ ու հոգսաշատ դեմքերով:
-Ես այս հարցի պատասխանը պատմական ձեւով կտամ: Մենք հին ազգ ենք` մեր ավանդույթներով, թեթեւություն չկա մեզ մոտ: Ծանր օրեր շատ ենք ունեցել` Եղեռնից սկսած մինչեւ Սումգայիթ ու երկրաշարժ: Մենք կարծես միշտ պայքարի մեջ ենք: Իսկ ԱՄՆ-ը երիտասարդ երկիր է, կարողանում է ժամանակի հետ համընթաց գնալ: Այնտեղ մարդիկ թեթեւ են ապրում, բայց օրենքը հարգելով: «Ներողություն» բառը մեր ազգի համար չէ, ներողություն խնդրելը շատ բարդ բան է, ինչպես ժպիտով մոտենալը:
-Ասում եք` ծանր օրեր ենք ունեցել, բայց չէ՞ որ հիմա էլ այդքան հեշտ ու թեթեւ օրեր չեն: Մարդիկ իրենց հանապազօրյա հացը մեծ դժվարությամբ են վաստակում:
-Ես համեմատում եմ ներկան ու անցյալը ու տեսնում փոփոխություն: Կարծում եմ` այսօր լավ մարդը գերիշխում է: Ավելի շատ լավն եմ տեսնում, իսկ վատին հանդիպելիս փորձում եմ նրան էլ վարակել ժպիտով: Ի՞նչ ունենք տանելու այս կյանքից, ոչ մի բան: Մենք պետք է ուղղակի բարի լինենք իրար հանդեպ, ինչը ես շատ-շատ եմ ուզում: Իմ տղային էլ եմ էդպես  դաստիարակում, որ ինքը պետք է բարի լինի:
-Կոչ եք անում ժպտալ, բարի լինել, բայց երբ մարդ հոգս ունի ու խնդիր, երբ մտածում է, թե ինչպես վճարի գազի կամ լույսի վարձը, դժվար թե այդ իրավիճակում ցանկանա ժպտալ:
-Մենք թեմայից շեղվում ենք ու գնում դեպի քաղաքականություն, բայց ես չեմ խուսափի Ձեր հարցից ու կպատասխանեմ: Հայաստանից դուրս էլ կան մարդիկ, որոնք շատ հոգսեր ունեն, ամեն երկրում էլ կա վատ, միջին ու լավ ապրող, ինչքան ուզում է` երկիրը զարգացած լինի:  Այդ խնդիրը հո մենակ Հայաստանո՞ւմ չէ: Ուղղակի մարդիկ չեն հասցնում 21-րդ դարի կյանքին, ամեն ինչ շատ արագ է զարգանում: Ես 35 տարեկան եմ, 2000 թվականից քոմեդի ժանրի մեջ եմ, բայց այսօր ես չեմ հասցնում Վաչեի հետեւից: Ինչո՞ւ, որովհետեւ ինքը երիտասարդ է, ինձանից 10 տարի փոքր, ու ես քաջ գիտակցում եմ, որ իրա մտքի թռիչքն ավելի արագ է, քան իմը, բայց դա նորմալ է, ես էլ փորձում եմ իրենցից հեռու չմնալ: Կյանքի ընթացքն է էդպիսին: Ամեն բնագավառում էլ նույն վիճակն է, լավից լավը միշտ էլ կա, պետք է նորմալ նայես այդ տեսակ բաներին:
-Սերնդափոխությանը խանդով չե՞ք վերաբերում:
-Չէ՛, չէ՛, ես նույնիսկ փորձում եմ վազելով հասնել նրանց: Որ իմ տարիքն ինձանից հարցնում են, զարմանում են, որովհետեւ իմ բոլոր ընկերները երիտասարդներ են: Իմ ընկերներն ու շրջապատն են ստիպում, որ ես երիտասարդ մնամ: Ժամանակին հակառակն էր, բայց հիմա ես եմ գնում նրանց հետեւից, ինչի համար չեմ ամաչում: Ավելի շատ կամաչեմ հետ մնալուց:
-Երբ նոր էիք սկսում հումորիստի Ձեր կարիերան, մտածո՞ւմ էիք, որ մինչեւ 35 տարեկան կձգվի:
-Ճիշտ ասած` չէ՛: Դե սկզբում ԽԹծ էի խաղում, հետո «Օպերա» ակումբում որպես շոումեն  էի աշխատում, համերգներ էի վարում, տարբեր պատասխանատու միջոցառումներ, «Բազե» երիտասարդական հավաքում եմ եղել որպես գեղարվեստական ղեկավար: Հետո, երբ ստեղծվեց «32 ատամ» ակումբը, մենք դարձանք հայտնի ու զգացինք, որ մենք մեր սիրած գործով ենք զբաղվում: Քոմեդի ժանրն այստեղ հիմնադրեցինք ու շարունակում ենք աշխատել մինչ օրս:
-Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլինի Ձեր կյանքը մի քանի տարի հետո, երբ, օրինակ, լինեք 40 տարեկան:
-Բան չմնաց, մի 5 տարի: Ես ինձ պատկերացնում եմ էլի նույնը, ինչպիսին հիմա եմ: Բայց հիմա ես արդեն ուրիշ, մեծ նպատակ ունեմ: Մի հրաշք զավակ ունեմ ու ուզում եմ լավ տղա դաստիարակել ազգի համար: Եթե ամեն մի ծնող ու մարդ մտածի, թե ինչ է արել ինքն իր ազգի համար ու գտնի պատասխանը, տաղանդներն ավելի շատ կլինեն:
Նորից կբերեմ ԱՄՆ-ի օրինակը: Այնտեղ փողոցի տղաներն իրար հետ արվեստով են կռվում, երգելով, պարելով են վիրավորում, բայց ոչ խփելով: Իսկ մենք դեռ իրար խփում ենք:
-Ձեր որդին` Դանիելը, արդեն ֆիլմում է նկարահանվել, գովազդում, «Մեր բակը» սերիալում: Ճի՞շտ է երեխային այդ տարիքից ներգրավել:
-Բայց ինքը հետաքրքրություն է գտել դրա մեջ: Ես չեմ մտածում` թող հիմա նա նկարահանվի, որ հետո ասեն` Դանիել Խաչատրյանը` Արման Խաչատրյանի որդին, նույն հետքերով է գնում: Ինչ կդառնա, կդառնա: Բեմից ու կամերայից բացի, ամենից շատ սիրում է դաշնամուր ու կիթառ: Գարիկի ֆանատն է, եթե գալիս է մեզ մոտ՝ օֆիս, Գարիկի սենյակում է: Ես միայն հեռուստացույցի հարցում եմ մի քիչ խիստ: Չեմ թողնում, որ տխուր հայկական սերիալները նայի:

 շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս