14 տարի է` Լեռնագյուղը ո՛չ դպրոց ունի, ո՛չ աշակերտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի 5 ընտանիք ունեցող Լեռնագյուղ համայնքն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Ի դեպ այս համայնքն արդեն 14 տարի է, ինչ դպրոց չունի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնագյուղի համայնքապետ Հմայակ Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, եթե դպրոց չունեք, գյուղի դպրոցահասակ երեխաները որտե՞ղ են հաճախում դպրոց:

-Անկեղծ ասած, արդեն 14 տարի է, ինչ ոչ միայն դպրոց, այլև դպրոցահասակ երեխա չունենք: Առաջիկա մի քանի տարիներին առաջին դասարանի աշակերտ չենք ունենալու:

՞նչն է պատճառը:

-25 մարդ է ապրում գյուղում: Ծերացող ընտանիքներ են: Այս տարի միայն մի երիտասարդ ընտանիք է եկել ու վեց ամսական երեխա ունենք գյուղում:

-Գնալով բնակիչների թիվը նվազում է: Գյուղի վերջը ո՞նց է լինելու:

՞նց պետք է լինի. ինձանից հետո տղես կլինի, հետո՝ իմ տղուս տղեն: Այսպես:

-Ձեր երեխաներին որտե՞ղ եք ուղարկել դպրոց:

-Իմ երեխաները մինչեւ չորրորդ դասարան հաճախեցին հարևան՝ Թորոս գյուղի դպրոց, հետո ուղարեկցի Գյումրի՝ բարեկամի տուն, այնուհետև մեկ այլ բարեկամի տուն, մինչև ավարտեցին:

-Այսինքն, դպրոցի պատճառո՞վ են մարդիկ գյուղից հեռանում:

-Միայն դա չէ պատճառը: Մարդիկ տեղի կլիմային դժվարությամբ են համակերպվում: Մեզ մոտ գրեթե 7 ամիս ցուրտ ձմեռ է: Նման պայմաններում դժվար է ապրել:

-Այս խնդիրների հետ կապված պատկան մարմիններին չե՞ք դիմել: Գուցե ընտանիքներ բերեն վերաբնակեցնեն:

-Տարիներ առաջ նման մի ծրագրով տասներկու ընտանիք եկավ գյուղ՝ ապրելու նպատակով: Զգացին, որ հնարավոր չէ: Միայն բնիկը, այստեղ ծնվածը կարող է ապրել, հարմարվել: Եկան տեսան, չորս տարի ապրեցին, բայց չկարողացան հաշտվել այս պայմանների հետ ու գնացին:

-Իսկ բնակիչները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:

-Անասնապահությամբ են միայն զբաղվում: Ուրիշ ոչինչ: Անջրդի են մեր հողատարածքները, չեն կարող վարուցան անել:

Երբեւէ որեւէ պաշտոնյա եկե՞լ է գյուղ, ծանոթացե՞լ է խնդիրներին:

-Շիրակի մարզի բոլոր մարզպետերն էլ իրենց պաշտոնավարման տարիներին եկել են գյուղ, զրուցել մարդկանց հետ, ծանոթացել Լեռնագյուղի հոգսերին: Բայց ինչո՞վ կարող են նրանք մեզ օգնել: Ոչնչով: Այսօր գյուղացին է իր գլխի տերը:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս