ՔԿՀ վարչության պետի անդառնալի արձակուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, Երեւանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանը եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը թեժ մրցակցության մեջ են մտել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնի համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շտապեց «հանգստացնել» նրանց՝ ասելով, թե ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը չի ազատվել աշխատանքից:

-Պարոն Մանուկյան, ՔԿՀ պետի պաշտոնի համար երեք թեկնածուների միջեւ թեժ «կռիվ» է սկսվել:

– Կրկնում եմ՝ ՔԿՀ պետն աշխատանքից ազատված չէ:

– Բայց նա արդեն երկար ժամանակ է՝ աշխատանքի չի գալիս:

-Այո, արձակուրդի մեջ է:

-Եթե իր պաշտոնի համար կռիվ է գնում, նշանակում է, որ արձակուրդից հնարավոր է, որ էլ հետ չվերադառնա՞:

-Եկեք տեսական հարցերին չպատասխանեմ՝ հնարավոր է, թե ոչ, բայց աշխարհում ամեն ինչ է հնարավոր:

– Ասենք, որ երբ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ԱՆ-ում Հայկ Հարությունյանի ազատման հարցն է դրված, մեզ հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասել էր, որ երկրում չէ, արձակուրդի մեջ է, կգա, նոր կխոսի: Իսկ հիմա Դուք նշում եք, որ ինքն արձակուրդի մեջ է: Տարօրինակ է, որ արձակուրդից գալիս են, նորից արձակուրդ են գնում: Լավ, իսկ ե՞րբ վերջնականապես նա կվերադառնա արձակուրդից:

-Տեղյակ չեմ՝ երբ կվերադառնա արձակուրդից: Ամեն արձակուրդի հրաման հո չե՞մ ֆիքսում ժամկետներով: Նախարարն այնքան ինֆորմացիա ունի մարսելու, որ պարտավոր չէ նման բաները ֆիքսել:

-Ինչո՞ւ պաշտոնապես չեք հայտարարում, որ նա չի ազատվել աշխատանքից եւ արձակուրդ է գնացել:

-Բայց ի՞նչ է տեղի ունեցել, մարդը արձակուրդի է գնացել: Դուք գիտե՞ք՝ հիմա իմ համակարգում քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ այս պահին արձակուրդի մեջ են, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը ազատվելու են աշխատանքից:

-Տեղեկություններ կան, որ Հայկ Հարությունյանը Ձեր հետ խնդիրներ ունի:

-Ո՛չ Հայկ Հարությունյանը, ո՛չ համակարգի այլ բարձրաստիճան պաշտոնյա ինձ հետ խնդիր ունենալ չի կարող: Ես՝ որպես նախարար, իրականացնում եմ իմ լիազորությունները:

-Արմավիրի նորակառույց ՔԿՀ-ի բացումն ուշանում է եւ դրա պատճառը Ձեր ստուգումների արդյունքում հայտնաբերված թերություններն են եղել: Արդյո՞ք նախկին նախարար Հրայր Թովմասյանի բացթողման արդյունքում են այդ թերություններն արձանագրվել, եւ Ձեր գալով բացահայտվեց:

-Նախարարը շինարարություն չի իրականացնում, այլ շինարարն է որոշակի թերացումներ ունեցել: Պայմանավորվածություն կա, որ դա մոտ ապագայում շուտ վերացվելու է, որպեսզի կարողանանք սեպտեմբերի կեսերին կամ վերջին բացումը անենք:

-Երբ ՔԿՀ-ներում Պրոբացիոն ծառայությունը իրականացվի, արդյո՞ք այն չի խանգարի վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքներին: Ի վերջո, դատապարտյալների խոսքով վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը չի արդարացնում իրեն, իսկ հիմա էլ նոր ծառայություն են պատրաստվում իրականացնել:

-Դրանք ուղղակիորեն չեն հատվում իրար, այլ լրացնում են:

-Վաղաժամկետ ազատ արձակման գործընթացի հետ կապված փոփոխություններն եք պատրաստվում իրականացնել: Նշանակում է, որ այս ծրագրում կան թերություններ, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են դատապարտյալները: 8 տարի է՝ այս ծրագիրը գործում է, ու երբ Դուք եկաք, անմիջապես հասկացաք, որ այն պետք է փոփոխության ենթարկեք: Ինչո՞ւ մինչ այդ ծրագիրը փոփոխության չէր ենթարկվում:

-Ընդհանրապես կյանքը զարգանում է եւ իրավունքը կյանքի հետ զուգընթաց պետք է զարգանա: Երբ կյանքը զարգանում է, իրավունքը հետ է ընկնում, պրոբլեմներ են առաջանում: Այն ժամանակ, երբ ստեղծվեց այս սիստեմը, կար իրավիճակ եւ կար պրոբլեմ: Այսինքն՝ պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը գործում էր ոչ արդյունավետ, եւ շատ հաճախ մարդիկ, ովքեր ենթակա չէին ազատման, հայտնվում էին դրսում:

Այս համակարգը հիմք է դրվել 10 տարի առաջ, իսկ հիմա կյանքը զարգացել է եւ հասարակության կյանքում էլ այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, ուստի այն ինստիտուտը, որն առաջին երկու տարիների ընթացքում բավարարում էր, հիմա շատ նորմալ է, որ արդյունավետ չի գործում:

-Բայց 10 տարի հետո՞ պետք է հասկանալ, որ այն արդյունավետ չի գործում: Արդյո՞ք նախկին նախարար Հրայր Թովմասյանը չի հասկացել, որ ծրագիրը չի գործում:

-Ինչ իմաստ ունի գնալ ասել, թե նախորդ նախարարը չի հասկացել: Կարող է՝ մարդիկ հասկացել էին, կարող է՝ գաղափարներ ունեին մշակած, բայց չեն հասցրել: Մենք հիմա տեսնում ենք պրոբլեմը եւ ցանկանում ենք ներդնել առավել արդյունավետ համակարգ:

-Երեկ տեղեկություններ էի տարածվել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատժում է նախարարներին, քանի որ վերջիններս այցելում են մարզեր, խոստումներ տալիս քաղաքացիներին, սակայն այդ ամենը մնում է թղթի վրա: Ձեզ նկատողություն արե՞լ է:

-(Երկար մտածում է) Դեռ չեմ լսել:

-Սպասո՞ւմ եք:

-Հույս ունեմ՝ չեմ լսի: Թեեւ նկատողությունը երբեմն գեղեցկացնում է մարդուն:

Քնար Մանուկյան

Հ.Գ Հավելենք , որ նախարարը մարզեր կատարած այցելության ընթացքում մի շարք թերություններ է հայտնաբերել, որի հետեւանքով մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատել է, որոշներին էլ նկատողություն է տվել:




Լրահոս