Կիրակի ուշ երեկոյան Բեռլինում ավարտվել են ուկրաինական ճգնաժամին վերաբերող Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները:
Դատելով մասնակիցների սակավաբառ մեկնաբանություններից՝ բանակցությունները չեն հանգեցրել քիչ թե շատ տեսանելի առաջընթացի:
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն իր թվիթերյան էջում գրել էր. «Բարդագույն բանակցություններ ՝ 5 ժամ: Երևի տեղից շարժվելու համար շատ անգամ անհրաժեշտ է 5 ժամ»: Կլիմկինը, ինչպես նաև՝ նրա ռուս և ֆրանսիացի գործընկերները, բեռլինյան «Բոզիգ» առանձնատնից, ուր ընթանում էին բանակցությունները, հեռացել են՝ առանց լրագրողներին մոտենալու:
Մամուլի համար կարճ հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վարլտեր Շտայնմայերը: Նա անցած հանդիպումն անվանել է «Դժվարին ժամանակներում անհրաժեշտ բանակցություններ», և հույս հայտնել, որ հանդիպման մասնակիցներին հաջողվել է «որոշ առաջընթացի» հասնել:
«Մեր նպատակը շարունակում է մնալ Ուկրաինայում հրադադարի և հետագա արնահեղության դադարցմանը հասնելը», – ասել է Շտայնմայերը:
Երկուշաբթի առավոտյան Ռուսաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում. «Բոլոր հարցերով որոշակի առաջընթաց է ձեռք բերվել». տեղեկացնում է BBC-ն: