ՀՀ Ազգային ժողովում նախորդ նստաշրջանի ժամանակ կար Աշոտ Ափոյան անուն-ազգանունով մի անձնավորություն, ով 2003-ից սկսած խորհրդարանում իր բերանից անգամ գոլորշի չի արտաբերել: Սուսուփուս այդ մանդատավորը դաշնակցականների օլիգարխն էր` «Աշտարակ – կաթ» ընկերության սեփականատերը:
Լինելով անկուսակցական` Ափոյանը և՛ երրորդ և՛ չորրորդ գումարման խորհրդարաններում հայտնվել էր ամենահին կուսակցություններից մեկի` Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրացուցակով: Իսկ կուսակցական չէր դառնում, որովհետև դաշնակցությունը երբեմն-երբեմն ընդդիմադիր դաշտում է գործունեություն ծավալում, որը կարող էր վտանգել Ափոյանի «գործարար համբավը»: Հայտնի իրողություն է, որ Հայաստանում ընդդիմադիր գործարարներ չեն լինում: Բայց քանի որ օրենքը պարտադրում է` որևէ կուսակցության համամասնական ընտրացուցակով պատգամավոր դառնալու դեպքում ընդգրկվել խորհրդարանում ձևավորված այդ կուսակցության խմբակցության մեջ, ուստի՝ Ափոյանը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ էր:
Նա ծնունդով գյումրեցի է, ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Կաթնամթերքին առնչվող տարբեր գործարաններում տարաբնույթ աշխատանքներ կատարելով` Ափոյանը ճարտարագետից ու հերթափոխի վարպետից հասել է մինչև Աշտարակի պանրագործարանի տնօրենի պաշտոնին, որից հետո նրա մոտ սեփականատիրական բնազդներն են տեղի տվել: Նա եղել է «Աշտարակ-կաթ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն, ապա` «Աշտարակ-կաթ» և «Երևանի քաղաքային կաթի գործարան» ՓԲԸ տնօրենների խորհուրդների նախագահ:
Վերջին պաշտոններով Աշոտ Ափոյանն իր համար ճանապարհ էր բացել դեպի հայրենի օրենսդիր մարմին, որպեսզի ՀՀ Սահմանադրության հետ խնդիրներ չունենա: Բայց նույնիսկ դա չի օգնել Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրված Ափոյանին ազատվել օրինախախտի կարգավիճակից, քանի որ նա ուղղակիորեն ոտնահարում էր ՀՀ սահմանադրության կոնկրետ հոդվածը, որում ասված է, որ ԱԺ-ի պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Գործարար այս պատգամավորին մանդատն անհրաժեշտ էր ոչ թե խորհրդարանում, այլ՝ դրա պատերից դուրս: Այսինքն` իր բիզնեսի համար տանիք էր հանդիսանում պատգամավորական մանդատը:
Նշենք, որ Աշոտ Ափոյանին՝ որպես անհատ պատգամավորի խորհրդարանում այդ ժամանակ շատ քչերն էին ճանաչում: Հագուկապն էլ առանձնապես չէր մատնում նրա ով լինելը: Ափոյանը կա՛մ չէր գալիս Ազգային ժողով, կա՛մ էլ այնպես ծածուկ էր մտնում խորհրդարանի դահլիճ ու բզեզի արագությամբ հեռանում, որ անգամ շատ գործընկերներ չէին հասցրել ֆիքսել նրա դեմքը: «Էն սև մազերով մարդն ո՞վ է»,-մի անգամ հետաքրքրվել է ԱԺ Հանրապետական պատգամավորներից մեկը, որին ի պատասխան՝ մյուս ՀՀԿ-ականը «լուսավորել» է. «Դաշնակների գործարարն ա, գիտես մենակ մենք ունե՞նք»:
Թեև պատգամավորների շրջանում ընդունված է ասել, որ իրենք խորհրդարանի դահլիճում ակտիվ չեն, քանի որ պոպուլիստական բաներ չեն սիրում, փոխարենը՝ հանձնաժողովների նիստերի ժամանակ «քարը քարին չեն թողնում», բայց Ափոյանը այս գործում էլ էր թերանում: ՀՀ պետբյուջեից մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող այս գործարարն անգամ հանձնաժողովների նիստերին չէր մասնակցում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական մտքեր հայտնելուն, այս դեպքում դա ճոխության գերադրական աստիճանը կարող է համարվել: Այդպիսիք Աշոտ Ափոյանի մոտ իսպառ բացառվում են:
Սակայն արդեն 2012-ի ընտրությունների արդյունքում նա չկարողացավ պահպանել իր մանդատը: Նա այժմ բավարարվում է միայն «Աշտարակ- կաթ»-ի՝ սեփականատեր լինելով:
Նաիրա Հովհաննիսյան