Գյուղերում նույնիսկ դիակները թաղող չի մնացել. Ա. Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղը: Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել տեղաբնակների նկատմամբ. ահաբեկիչների ձեռքով սպանվել է արդեն 30 եզդի, ովքեր չեն ցանկացել իսլամ ընդունել:

Զինյալները զգուշացնում են, որ չենթարկվելու դեպքում մնացած բնակիչներին ևս նույն ճակատագիրն է սպասվում: Հաղորդվում է նաև մի քանի կանանց առևանգման ու եզդիների կրոնական սրբավայրերի ոչնչացման մասին:

Օգոստոսի 15-ին Շանգալը նորից տեսավ իր որդիների կորուստը: Եզդիաբնակ գյուղի փողոցները կրկին պատվեցին եզդի ժողովրդի անմեղ զավակների արյունով: Եվ այս բոլորը կատարվում է 21-րդ դարում` բոլորի աչքի առջև:

Ըստ տեղեկությունների` մինչև այս արհավիրքը Մոսուլ քաղաքում եղել է 35 հազար քրիստոնյա, իսկ այսօր չկա:

Armlur.am-ի հետ զրույցում «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հարց ուղղեց, թե մի՞թե տարածքը հսկող մարմինները չեն տեսնում և չգիտեն, որ եզդիական գյուղի ուղղությամբ գնաց ևս մի հանցագործ խումբ:

«Հարցերը շատ են. կգա դրանց պատասխանելու ժամանակը, բայց այդ ժամանակ անմեղ զոհերի համար կարող է շատ ուշ լինել: Արդեն 15 օր է` ոչինչ չի փոխվում, հազարավոր մարդիկ գտնվում են սարերում` կործանման եզրին: Ահաբեկիչները նորից ու նորից եզդիաբնակ գյուղեր են դատարկում, վախից բոլորը փախչում են: Եղել են դեպքեր, երբ որդին սպանել է իր հիվանդ մորը, որպեսզի չընկնի ահաբեկիչների ձեռքը: Երբ տեսնում եմ մեր ժողովրդի կոտորածի լուսանկարները, մի պահ թվում է` գտնվում եմ Հայոց ցեղասպանության թանգարանում»,- վրդովված ասաց Ամո Շարոյանը:

Վերջինիս գնահատմամբ` եզդիները չեն կարող լինել ինչ-որ մարդկանց, պետությունների շահերի զոհը: Ա. Շարոյանը վստահեցրեց, որ եզդիները կան, և իրենց միասնականությամբ կապացուցեն ողջ աշխարհին, որ իրենց քաջությունը, հոգու արիությունը, բարքերի մաքրությունը և կպայքարեն իրենց ժողովրդի ազատագրման համար:

«Ամեն ցավ, որքան էլ այն ծանր լինի, կարելի է տանել, ժամանակը կբուժի, բայց ցեղասպանության ցավն անբուժելի է… մեզ մնում է միայն աղոթել և աղոթքի միջոցով մի փոքր հաղթահարել ցավը: Այժմ Շանգալում ամենուր անթաղ դիակներ են, գլխատված մարդկանց մարմիներ:

Դիակների հոտին մթնոլորտը չի դիմանում, նյունիսկ դիակները թաղողներ չեն մնացել գյուղերում: Աշխարհը թույլ է տվել իսլամական պետության ահաբեկիչներին սպանել անմեղ մարդկանց միայն նրա համար, որ նրանք եզդի են ծնվել կամ այլ դավանանքի են»,- եզրափակեց ՀԿ նախագահը:




Լրահոս