Եւրոպայի բնակչության արագ ծերացումը եւ մահմեդական փախստականների աննախադեպ ավելացումը լրջորեն վտանգել են «հին մայրցամաքի»` որպես քրիստոնեության բնօրրանի գոյությունը: Վերջին 30 տարում հատկապես Արեւմտյան Եւրոպայի քաղաքական գործիչները` հասկանալով, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են աշխատող ձեռքեր, էականորեն հեշտացրեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց մուտքը Եւրոպա: Եթե գրեթե նույնատիպ քաղաքականության արդյունքում ԱՄՆ տեղափոխվեցին հիմնականում հարավամերիկացիները, որոնք ճիշտ է ունեն լրջագույն տարբերություններ հյուսիսամերիկացիներից, բայց նրանց միջեւ ընդհանրությունները քիչ չեն, ապա Եւրոպա տեղափոխվեցին Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում ապրող մարդիկ: Վերջիններիս կողմից կրոնական այլ հավատքի դավանելը խնդիրներից ընդամենը մեկն է: Մի քանի տասնամյակ, եւրոպական քաղաքական գործիչները փորձում էին շրջանցել թեման, եւ միայն ռադիկալ ու լուսանցքում գտնվող դեմքերն էին ժամանակ առ ժամանակ բարձրացնում այս հարցը: Եւրոպացիները կարծում էին, որ ճիշտ ժամանակն է քավել հարյուրամյակներ տեւած գաղութատիրական լուծի հետեւանքները: Քաղաքական եւ կրոնական հանդուրժողականությունը լայն հնարավորություններ էր ընձեռել փախստականների համար: Սակայն տասնամյակներն անցան, բայց լուրջ տեղաշարժեր` ինտեգրվելու առումով, չհետեւեցին: Նոր եկածների գերակշիռ մասը չփորձեց դառնալ հյուրընկալած երկրի մասը, սովորել նոր հայրենիքի լեզուն, հասկանալ մշակույթը եւ սովորույթները: Հակառակ դրան, փախստականների շրջանում գնալով ավելի հաստատվեց մտայնությունը, թե ժամանակի ընթացքում` հաշվի առնելով մահմեդականների մոտ ծնելիության բարձր մակարդակը, եւրոպացիները իրենք ստիպված կլինեն ինտեգրվելու, այսինքն` ընդունելու իրենց արժեհամակարգը:Վերջերս Գերմանիայում մեծ արձագանք առաջացրեց հայտնի լրագրող Ուդո Ռայթերի կատակը: Նա ինտերնետային հայտնի «Տվիտեր» բլոգում տեղեկություն հրապարակեց առ այն, որ «գերմանական միասնության օրը կլինի 2030 թվականին: Դաշնային նախագահ Մոհամեդ Մուստաֆան կոչ է անում մահմեդականներին` հարգել գերմանական փոքրամասնության իրավունքները»: Եւ որքան էլ լրագրողը փորձեց համոզել, որ կատակել է, միեւնույն է` երկու կողմերն էլ «գնահատեցին» Ռայթերի ապագայի մասին ճիշտ կանխատեսումը: Հասարակ եւրոպացիների մոտ խուլ դիմադրությունը վաղուց էր հասունանում, սակայն մինչեւ վերջերս քաղաքական եւ հրապարակային օրակարգ դեռեւս չէր ընդգրկվում խնդիրը: Եւ միայն վերջերս Շվեյցարիայում նոր մզկիթների կառուցման արգելման մասին հանրաքվեն, կարծես թե ստիպեց Եւրոպայի պետական այրերին` իրերը կոչել իրենց անունով: Դրան հաջորդեցին Ֆրանսիայի եւ Բելգիայի կառավարությունների նախաձեռնությունները` դպրոցներում եւ պետական այլ հաստատություններում արգելելու գլխաշորերի եւ փարաջաների կրումը մահմեդական կանանց կողմից: Եւ վերջապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը հրապարակայնորեն խոստովանեցին բազմամշակութային քաղաքականության պարտությունը: Նշվեց, որ ներկա վիճակը փակուղային է, եւ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որտեղ ամենայն հավանականությամբ, հանդուրժողականությունը կունենա ավելի քիչ չափաբաժին: Ինչեւէ, Օսմանյան Թուրքիայի կողմից Վիեննայի 1683 թվականի պաշարումից հետո սա ամենամեծ մարտահրավերն է մահմեդականների կողմից Եւրոպայի նկատմամբ: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԾԵՐԱՑՈՂ ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ